«Վրաստանը կարող էր հանդես գալ որպես արեւմտյան ազդեցության վերջին հենակետ, բայց նույնիսկ այստեղ Արեւմուտքը պետք է զգույշ լինի: Երկիրը գտնվում է Եվրոպայի շեմին եւ դյուրազգաց է արտաքին ազդեցության նկատմամբ:
Սահմանակից լինելով Ռուսաստանին եւ Թուրքիային՝ Վրաստանը նույնպես ստիպված է հարմարվել տարածաշրջանում փոփոխվող հանգամանքներին»,- թուրքական Daily Sabah պարբերականում հրապարակված վերլուծական հոդվածում գրում է Թբիլիսիի Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Էմիլ Ավդալիանին։
«Տարածաշրջանում եւ Սեւ ծովում Արեւմուտքի վճռականության բացակայությունը կարող է մղել Թբիլիսիին, եթե ոչ դեպի իր արտաքին քաղաքականության լիակատար վերանայում, ապա դեպի արտաքին կապերի դիվերսիֆիկացում, որը կարելի է անվանել «վերաբալանսավորում»: Պատերազմը [ղարաբաղյան] նաեւ ամրապնդեց այն փաստը, որ Կասպից ծովի ավազանը եւ Հարավային Կովկասն անքակտելիորեն կապված են ավելի մեծ Մերձավոր Արեւելքի հետ: Ռուսաստանը եւ Թուրքիան տարածաշրջանում իրենց ռազմավարությունները հիմնում են Մերձավոր Արեւելքի եւ Սեւծովյան տարածաշրջանի զարգացումների վրա»:
Ավդալիանին հույս է կապում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետ եւ կարծում է, որ Միացյալ Նահանգները չպետք է ժամանակ կորցնեն։ «ԱՄՆ ակտիվ քաղաքականության հետագա ցանկացած հետաձգումը կարող է աղետալի լինել Վրաստանի համար, որը ծառայում է որպես դուռ դեպի Կասպից ծով եւ Կենտրոնական Ասիա: Արեւմուտքն արդեն բավականին երկար ժամանակ հետընթաց է ապրում տարածաշրջանում. ղարաբաղյան պատերազմը դա միայն լույս աշխարհ հանեց, եւ Արեւմուտքը պետք է նախաձեռնող լինի, եթե ցանկանում է իրավիճակ փոխել»:
Վրացի վերլուծաբանը համոզված է, որ Միացյալ Նահանգների դիրքերը տարածաշրջանում կարող են ամրապնդվել միայն Թուրքիայի հետ փոխըմբռնում ձեռք բերելով։ «Ի վերջո, Հարավային Կովկասը միշտ եղել է միակ թատերաբեմը, որտեղ Թուրքիայի եւ Արեւմուտքի շահերը համընկել են: Հաշվի առնելով տարածաշրջանում իր սահմանափակ ներկայությունը՝ Արեւմուտքը կարող է մտածել Թուրքիային սատարելու մասին։ Դա ոչ միայն կծառայի որպես հաշտության ժեստ, որը կգոհացնի Անկարային, այլ նաեւ կսահմանափակի Ռուսաստանի շարժումը տարածաշրջանում»: