Ըստ թուրքական Daily Sabah պարբերականի՝ 2021 թվականը նշանակալից է լինելու Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգի եւ դրա իրականացման համար:
Ամենայն հավանականությամբ կլինեն բարեփոխումներ, նորացումներ եւ հեռանկարային ծրագրեր: Բարեփոխումների անհրաժեշտությունն ընդգծվել է Էրդողանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանրային խոսքում: Հաշտեցման հռետորաբանությունն իր արդյունքներն է տալիս: Այսուհանդերձ ԱՄՆ-ի եւ եվրոպական որոշ երկրների հետ տարաձայնությունները դժվար թե ունենան անհապաղ լուծումներ, քանի որ լարվածությունը թուլացնելու եւ ընդհանուր հարթակ գտնելու ուղղությամբ դեռեւս լուրջ ջանքեր են պահանջվում։
«Վերջին տասնամյակում ծառացած կարեւոր մարտահրավերների մեղմացման համար Անկարան պետք է ավելի ճկուն գործի: Տասը տարի առաջ Արաբական գարունը հանգեցրեց արտաքին քաղաքականության հիմքային փոփոխության: Թուրքիան աջակցում էր տարածաշրջանում ժողովրդական ընդվզումներին եւ քաղաքական փոփոխություններին, սակայն դրանք տարածաշրջանում քաոս առաջացրեցին»։
ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ երկխոսության նոր պլանն առաջնահերթ է Անկարայի համար, հատկապես՝ վստահություն վերականգնման տեսակետից։
Երկիրը պատրաստ է բանակցել եւ դիվանագիտական ճանապարհով հաղթահարել միջազգային մարտահրավերները: Այն կշարունակի դիմակայել միակողմանի սպառնալիքներին: Չնայած բոլոր ռիսկերին եւ անորոշություններին, աշխարհում հետկորոնավիրուսային քաղաքականությունը կունենա նոր հնարավորություններ, որում լիովին ներգրավված կլինի նաեւ Անկարան: