Ետպատերազմական մեր հասարակությունը կորստի ցավի, պարտության եւ ընկճվածության մեջ փորձում է «վերարժեւորել» աշխարհի մասին իր պատկերացումները, բայց հաճախ, ցավոք, նորից նույն աղավաղված պատկերն է ուրվագծվում։
Հայ-իրանական հարաբերություններին առնչվող քննարկումներն, օրինակ, ի սկզբանե սխալ հիմքի վրա են կառուցվում՝ հաշվի առնելով, որ հարավային մեր հարեւանին լավ չենք ճանաչում ու հաճախ անդրադառնում ենք միայն Իրան-ԱՄՆ առճակատման համատեքստում։ Իրանի մասին մեր վերլուծությունները որպես կանոն խիստ ծայրահեղականացված են՝ կամ «մեր բարեկամ Իրանի» մասին են, կամ Իրանի մասին արեւմտյան կաղապարների։
Իրանին անդրադառնալու վերջին առիթներից մեկն անցյալ տարի Հունվարի 3-ին Իրաքում սպանված ԻԻՀ ԻՀՊԿ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի) Ղոդսի ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցն էր։
Հայաստանյան մեդիա դաշտն ու հատկապես սոցիալական ցանցերը գեներալի սպանությանն անդրադառնալիս այս կամ այն կերպ ընդգծում էին նաեւ դեպքի առիթով հստակ դիրքորոշում ունենալու անհրաժեշտությունն, ու դրա կարեւորությունը պետությունների եւ հասարակությունների միջեւ հարաբերություններում։ Այս առիթն, իհարկե, մի բաղադրիչն է մեծ այն պատկերի, որտեղ Իրան-ԱՄՆ սրված հարաբերությունները վերլուծելիս մեզ այս կամ այն կողմի համախոհի դիրքում ենք պատկերացնում։
Քանի որ մեդիայում հաճախ հարավային հարեւանին անդրադառնալիս Իրանի հասարակությունը որպես միատարր զանգված է ներկայացվում, կարծում եմ՝ կարեւոր է մի քանի պարզաբանում անել հայաստանյան ընթերցողի համար։
Իրանի Իսլամական Հանրապետության ոչ հասարակությունը, ոչ էլ անգամ իշխանությունը ոչ միայն միատարր չեն, այլեւ դրանց տարբեր շերտեր հաճախ հակընդդեմ նպատակներ, ցանկություններ, մոտիվներ ու շահեր ունեն, ինչը պետք է հաշվի առնել վերլուծություններ ու «վերլուծություններ» կարդալիս։ Սա հատկապես կարեւոր է նաեւ պատերազմական շրջանում Իրանի հասարակության ու քաղաքական շրջանակների տարբեր մոտեցումները դիտարկելիս․այն, ինչ պահանջում էին Իրանի հյուսիսային նահանգների ազերիախոս բնակիչները (մի կողմ դնել չեզոքությունն ու աջակցել Ադրբեջանին), ոչ միայն երկրի մյուս շրջանների քաղաքացիների ու քաղաքական ներկայացուցիչների տեսակետը չէր, այլեւ հակասում էր նաեւ նրանց շահերին։
Իրանի Իսլամական Հանրապետությունում իրական են ե՛ւ Ղասեմ Սոլեյմանիին ազգային հերոս համարող ու նրա զոհվելուց մեկ տարի անց էլ նրա սպանության վրեժը փափագող քաղաքացիները, ե՛ւ նրանք, որոնք դեռեւս 1999 թվականի ուսանողական ցույցերից հետո առանձնակի ատելությամբ են լցված նրա ու նրա ղեկավարած կառույցի հանդեպ։ Գեներալի անմիջական ղեկավարությամբ Ղոդսի ուժերի մասնակցությունը ուսանողական ցույցը ցրելու գործում ներհասարակական հարցերում էլ նրանց նույնքան անողոք ու սառնասիրտ կերպար էր դարձրել, որքան թշնամիների դեմ պայքարում։
Իրանում էլ իշխանությունը վստահության սղություն ունի եւ անցյալ տարի գեներալի սպանությունից հետո սխալմամբ խոցված ուկրաինական ինքնաթիռի աղետալի փաստն էլ ավելի էր խորացրել այդ անվստահությունը։ Ճշմարտությունը թաքցնելու եւ անազնվության համար իշխանությանը ներկայացվող մեղադրանքների համատեքստում մի նոր առիթ էլ կորոնավիրուսի հետ կապված տեղեկություններն էին, որ երկար ժամանակ առեղծվածային գաղտնիությամբ էին շղարշված։ Այժմ այս թեմանարին ավելացել են նաեւ կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման, ձեռքբերման շուրջ եղած քննարկումները, տրվող պարզաբանումների հանդեպ թերահավատությունը։
Իրանի իշխանություններին լոյալ, ներկա քաղաքական համակարգն ու հասարակական կարգը չվիճարկող հանրության շերտերի կողքին Իրանում կան քաղաքացիական խմբեր, որոնց համար ամենօրյա պայքարի առիթ են կանանց պարտադրված սահմանափակումները, իշխանության վերահսկողությունը գիտության ու մշակույթի ամենատարբեր ոլորտներում, գրաքննությունն ու լրագրողների հետապնդումները (նաեւ ձերբակալությունն ու մահապատիժը․ անցյալ տարվա դեկտեմբերին, օրինակ, ապօրինի ցույցերի աջակցության մեղադրանքով մահապատժի ենթարկվեց լրագրող Ռուհոլլահ Զամը), հսկայական գումարների տրամադրումը ռազմական ստորաբաժանումներին ու դրանց անարդար բաշխումը երկրի ներսում։
Բայց նաեւ պետք է հաշվի առնել, որ Իրանի իշխանություններից դժգոհությունը միշտ չի, որ նշանակում է Իսլամական Հանրապետության մերժում։ Հաճախ անգամ մեծ դժգոհությունների առկայության պարագայում հասարակության մեջ կա ընկալում, որ ներկա տարածաշրջանային քաղաքական իրադրության մեջ նշմարելի այլընտրանք չկա. բայց եղած համակարգի ներսում փոփոխությունների պահանջի մասին են խոսում վերջին երկու նախագահական ընտրություններում Ռուհանիի հաղթանակները։ Առաջիկայում նոր նախագահական ընտրություններ են սպասվում եւ ԱՄՆ-ում Բայդենի ընտրությունը փոքր հույս է Իրանում բարեփոխականների հնարավորությունների իսպառ բացակայությունը վիճարկելու։
Հայաստանում վերլուծություններ անելիս կամ պարզապես փաստեր շարադրելիս կարեւոր է հիշել, որ ոչ Իրանի 31-րդ օսթանն ենք, ոչ էլ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։ Թեեւ իրանամետ եւ ամերիկամետ շրջանակների գոյությունն էլ անխուսափելի է, ու նրանց տեսակետների համադրումից կարելի է բավական օգտակար եզրակացություններ ունենալ։ Իսկ ՀՀ իշխանություններն, իհարկե, հայակենտրոն լինելուց բացի այլ դերերի նկրտումներ չպիտի ունենան։
Միաժամանակ, կարեւոր է չմոռանալ, որ չեզոք լինելն ու պասիվ լինելը տարբեր հասկացություններ են ու հաճախ շատ ավելի ակտիվ պետք է գործես, երբ չեզոք դիրքը ամենից շահեկան կամ միակ կենսական դիրքն է։ Բանալի միտքը՝ պետք է գործես։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։