Մինչ աշխարհում արդեն հայտարարվել է նոր կորոնավիրուսի ձեւափոխված շտամի մասին, որը սկսել է տարածվել մի շարք երկրներում, կան երկրներ, որոնք դեռ պայքարում են հնի՛ հարուցած բարդությունների դեմ: Աշխարհի ուշադրության կենտրոնում այսօր Լիբանանն է՝ իբրեւ կորոնավիրուսի երկրորդ ալիքի ամենածանր հարվածի տակ հայտնված երկիր:
Միջազգային լրատվամիջոցները Լիբանանն անվանել են «Մերձավոր Արեւելքի Իտալիա»` փոխակերպելով ժամանակին «Մերձավոր Արեւելքի Փարիզ» հռչակված երկրի տիտղոսը, ավելին՝ անցյալում է մնացել «իտալական օրինակ» արտահայտությունը, եւ այսօր արդեն Առողջապահության համաշխարհային կազակերպության մակարդակով դիտարկվում է «լիբանանյան օրինակը»:
Լիբանանը «խեղդվում» է կորոնավիրուսի ճիրաններում՝ առաջ անցնելով Իտալիայի 2020-ի մարտ-ապրիլի ճգնաժամից, երբ վարակակիրները մահանում էին հիվանդանոցների մուտքերի մոտ՝ սպասելով ազատ մահճակալի ու թթվածնային սարքի: Լիբանանի բնակչության 6.8 միլիոն թվի համեմատ օրական 5-6 հազար հաստատված վարակակիր է կարմիր կետով նշված կորոնավիրուսի քարտեզի վրա:
Լիբանանը մեկ այլ առումով էլ է հայտնվել աշխարհի ուշադրության կենտրոնում. երկրում պետական մակարդակով դադարեցված են բացառապես բոլոր հանդիպումները: Երկրի ղեկավարների տարիքը կորոնավիրուսի համար բավական ռիսկային է. Լիբանանի նախագահը 86 տարեկան է, Ազգային ժողովի նախագահը՝ 82: Առայժմ այնտեղ վարակված ամենաբարձր պաշտոնյան առողջապահության նախարարն է: Դիտարկումները, սակայն, ցույց են տալիս, որ անգամ ամենախիստ պաշտպանվածության ու հեռավար աշխատանքի դեպքում վարակը չի շրջանցում ոչ մեկին:
Քովիդ-19-ը՝ առաջին դեմքով
Չնայած ձեռնարկված բոլոր միջոցառումներին՝ անցյալ տարի վարակվեցին աշխարհի շատ երկրների ղեկավարներ ու նշանավոր գործիչներ: Կորոնավիրուսն այսօր էլ շրջում է նախագահական ու թագավորական պալատներով. վերջինը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է, որի մոտ վիրուսը բարդություններ է առաջացրել, նա փոխադրվել է հիվանդանոց:
Դեռեւս անցյալ տարեսկզբին, երբ շատերը կասկածանքով էին վերաբերվում նոր կորոնավիրուսին եւ նրա տարածվածությանը, մարտի 11-ին վիրուսը հայտնաբերվեց Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրի մոտ: Նույն ամսին վարակվել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ նրա կինը, Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը, Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն ու նրա կինը՝ Կամիլլան, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը. վերջինս վերակենդանացման բաժանմունք էր փոխադրվել եւ ապաքինվել միայն ապրիլի կեսին: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կորոնավիրուսով էր վարակվել ապրիլի 30-ին եւ ապաքինվել էր միայն մայիսի 19-ին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա ընտանիքի անդամները կորոնավիրուսով էին վարակվել հունիսի 1-ին, մեկ շաբաթ անց՝ հունիսի 8-ին, նրանց թեստերի պատասխանները բացասական էին: ՀՀ կառավարական ընտանիքն այն վարակվածների ցանկում էր, որոնց մոտ կորոնավիրուսն ընթացել է առանց ախտանիշների:
Երկրների առաջին դեմքերից կորոնավիրուսն այցելել էր նաեւ Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսին ու նրա կնոջը, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, Բոլիվիայի նախագահ Ժանին Անյեսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Վերջինս, ի դեպ, երկար ժամանակ անտեսում էր Քովիդ-19-ի գոյությունն ու այն որակում իբրեւ մեծ խաբեություն:
Երկրորդ ալիքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը կորոնավիրուսով վարակվել էին հոկտեմբերի 2-ին, հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ նրանց ապաքինման մասին:
Կորոնավիրուսի ընթացքին հետեւող մասնագետները 2020-ի աշնանը վարակվածներին դիտարկում են իբրեւ երկրորդ ալիքի վարակակիրներ: Երկրորդ ալիքը «հարվածել» է նաեւ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովին, Կոլումբիայի փոխնախագահ Մարտա Լուսիա Ռամիրեսին, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին, Ալժիրի 74-ամյա նախագահ Աբդելմաջիդ Թեբունին, Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Կենտրոնաամերիկյան Բելիզ պետության վարչապետ Ջոն Բրիսենյոյին, Մոլդովայի վարչապետ Իոնա Կիկուին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Նախկին ղեկավարներն էլ անմասն չմնացին դարի վիրուսից, ինչպես Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ այլք:
Հայերը
Դիտորդները նշում են նաեւ, որ Քովիդ-19-ի հետեւանքով մահացած մոտ երկու միլիոն մարդկանց ցանկում աշխարհի ղեկավարներ չկան, բայց կան քաղաքական գործիչներ: Մեկ տարվա ընթացքում վիրուսը շատ նշանավոր մարդկանց կյանք է խլել, կորոնային զոհ են գնացել հայտնի դերասաններ, երգիչներ, ֆուտբոլիստներ, գործարարներ…
Նրանց մեջ կան նաեւ հայեր. դեռեւս կորոնավիրուսի տարածման առաջին ալիքի ժամանակ Ֆրանսիայում վարակից մահացել էր ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ, նախկին նախարար, պատգամավոր եւ քաղաքապետ Պատրիկ Դեւեջյանը, ԱՄՆ-ում նշանավոր բարերարուհի Արտեմիս Նազարյանը, Ստամբուլում պոլսահայ գործիչ Հարություն Շանլըն եւ այլք: Աշխարհում դեռեւս մեծ է վիրուսից մահացող բուժաշխատողների թիվը:
Մոսկվայի Սեչենովսկի համալսարանի համաճարակաբան 69-ամյա Արփիկ Հասրաթյանն ու նրա ամուսինը՝ հայ ֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Միշիկ Ղազարյանը կորոնայի զոհ էին դարձել անցյալ տարվա մարտ-ապրիլին: Սանկտ Պետերբուրգի Պատերազմի վետերանների հոսպիտալի 55-ամյա բուժքույր Սվետլանա Դավթյանը Հայաստանից դուրս ապրող այն բուժաշխատողների ցանկում է, որոնք 2020-ին մահացել են կորոնավիրուսից: Հայաստանում նույնպես վիրուսը տասնյակ բուժաշխատողների կյանք է խլել:
Գալով կորոնավիրուսի պիկն ապրող Լիբանանին՝ նշենք, որ մահացողների մեջ զգալի թիվ են կազմում տեղի հայերը, ընդ որում՝ նրանք հաճախ երիտասարդ տարիքի են: Անցյալ շաբաթ վիրուսը խլեց ՀՅԴ նշանավոր գործիչ, ՀՄԸՄ ղեկավարներից Գառնիկ Մկրտիչյանի կյանքը, երեկ վիրուսից մահացան համայնքային գործիչ, Ազգային երեսփոխանական ժողովի անդամ Տիգրան Գալայճյանը, նշանավոր ֆլեյտահար, Համազգայինի «Բարսեղ Կանաչեան» երաժշտանոցի դասախոս Կարո Սվաքճյանը, մեկ շաբաթից ավելի վիրուսի դեմ պայքարելուց հետո այսօր հիվանդանոցում մահացավ Բիքֆաայի «Զարեհյան» դպրեվանքի տեսուչ Մեղրիկ եպս. Բարիքյանը։
Լիբանանը ձեռնարկել է հակահամաճարակային բոլոր կանոնները, սակայն երկրի առողջապահական համակարգը դեռեւս կաթվածահար է:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։