«Մինսկի խումբը (Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ), որը բանակցություններ էր վարում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, փորձեց որոշ դերակատարում ունենալ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հրադադարի կարճաժամկետ համաձայնագրերի հաստատման գործում, բայց վերջին խոսքը Ռուսաստանինն էր։ Ռուսաստանը կարեւոր դեր հատկացրեց Թուրքիային՝ գործընթացից դուրս մղելով Ֆրանսիային եւ Միացյալ Նահանգներին։ Մինսկի խմբի դերը հիմա կարծես դարձել է անիմաստ»,- գրում է հնդկական «FrontLine» պարբերականի մեկնաբան Ջոն Չերիան։
Նրա կարծիքով՝ Թուրքիան առաջին անգամ է այսչափ կարեւոր դեր խաղում հարավկովկասյան տարածաշրջանում։ 44-օրյա պատերազմի ընթացքում նա աջակցեց Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավի նկատմամբ ռազմական գերակայության հասնելու գործում, բայց Աղդամում ստեղծված դիտարկման կենտրոնին մաս կազմելուց բացի ավելի մեծ ներկայություն չունեցավ։
«Մենք պայմանավորվեցինք ստեղծել համատեղ կենտրոն, որը կօգտագործի անօդաչու թռչող սարքեր: Մենք համատեղ վերահսկելու ենք իրավիճակը շփման գծի երկայնքով ՝ օգտագործելով այդ օդային միջոցները» — լրատվամիջոցներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հարավային Կովկասում Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ աշխատելու որոշումն անակնկալ էր միջազգային հանրության համար՝ քանի որ երկու երկրները սիրիական եւ լիբիական հակամարտություններում հակադիր կողմեր էին:
Չնայած Ռուսաստանը հասկացրել է, որ Թուրքիան խաղաղության համաձայնագրի կողմ չէ, բայց վերջինս այլեւս չի ցանկանում Կովկասում դիտվել որպես Արեւմուտքի դաշնակից եւ որոշել է գործել ինքնուրույն։