Արեւմուտքը ստիպված է միայն անտարբերությամբ հետեւել (Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության շուրջ զարգացող) բոլոր կտրուկ փոփոխություններին: Ըստ էության, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում լիովին հավասար գործընկերներ կարող էին լինել Ռուսաստանի հետ: Սակայն իրական շահերի բացակայությունն ու դրան զուգահեռ՝ դիվանագիտական հնարամտության պակասը հանգեցրին նրան, որ նրանք զրկվեցին իրավիճակի վրա ազդեցություն գործելու հնարավորությունից: Արեւմուտքը տարածաշրջանում կարող է ներգրավվել մարդասիրական բեռների մատակարարմամբ միայն: Ամերիկացիներն ու եվրոպացիները լռելյայն համաձայնեցին Լեռնային Ղարաբաղ (Արցախ) ռուսական զորքեր մուտք գործելուն, թեպետ դա հակասում էր վաղուց ընդունված այն պայմանավորվածությանը, ըստ որի կարգավորման շրջանակում անհնար է հարեւան երկրների խաղաղապահ ուժեր կիրառել:
Սակայն Եվրոպայի եւ Ամերիկայի շահերից չի բխում ստանձնել ՀարավայինԿովկասում խաղացողներին սոսկ պասիվ հետեւողի դերը: Չէ՞ որ ԼՂ-ում խաղաղության երկարատեւ լուծում հաստատելու պահանջ կա: Զինադադարի համաձայնագրում բաց է մնացել շատ կարեւոր մի հարց. ի՞նչ կարգավիճակ կստանա անկլավն ապագայում: Այդ խնդրի լուծումն անորոշ ժամանակով հետաձգելու գայթակղությունն անչափ մեծ է: Բայց, ինչպես ցույց տվեց պատերազմը, նման հակամարտություններն անհնար է տեւականորեն սառեցնել, եւ դիվանագիտական անգործության համար վաղ թե ուշ ստիպված ես լինում հատուցել:
Միանգամայն հնարավոր է, որ ադրբեջանցիները պարզապես սպասում են հաջորդ պատեհությանը, որ արդեն ամբողջ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) վերցնեն սեփական վերահսկողության տակ, ինչն, անկասկած, կհանգեցնի նորանոր էթնիկ զտումների: Այն փաստը, որ էյֆորիայի մեջ հայտնված Ալիեւը Բաքվի զորահանդեսի ժամանակ իրեն թույլ տվեց անթաքույց կերպով հավակնություններ արտահայտել Երեւանի ու հայկական մյուս տարածքների հանդեպ, պիտի արեւմտյան երկրներին վերջապես հարկադրի ուշքի գալ:
Չի կարելի չնշել, որ 1915-ի Հայոց ցեղասպանության փաստը համառորեն մերժող Էրդողանը հիմա էլ անարգել հանդես եկավ այդ ժողովրդի (հայերի) դեմ նոր բռնի գործողություն նախաձեռնելու հանցակցի դերում: Հրեաների պես հայերն էլ բավական դառը պատմական փորձ ունեն եւ օտար երկրի պաշտպանության կարիք ունեն: Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ապրող հայերը հազիվ թե կամովին ենթարկվեն աշխարհում ամենաբռնի ռեժիմներից մեկին՝ Բաքվին, մանավանդ, որ Ալիեւը հիմա նրանց Ադրբեջանի կազմում նույնիսկ ինքնավարության կարգավիճակ չի առաջարկում:
Անհրաժեշտ է նաեւ վերանայել «Լեռնային Ղարաբաղը (Արցախը) միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի մաս է կազմում»՝ մանտրայի պես կրկնվող բանաձեւը: Այդ նկրտումները միանգամայն թույլ հիմնավորում ունեն: Խորհրդային ժամանակներում այս տարածքն իսկապես Ադրբեջանական ԽՍՀ կազմում էր, բայց այն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս տարածքային վեճի արդարացի լուծումը դժվար է պատկերացնել առանց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության ինքնորոշման: Իսկ վերջերս դադարեցված պատերազմը բնավ չհեշտացրեց այդ խնդրի լուծման որոնումները: Մինչդեռ այս պատերազմ եւս մեկ անգամ ցույց տվեց, որ պիտի անհապաղ լուծում գտնել:
Անդրեաս Ռյուաշ, «Neue Zürcher Zeitung» («Նոր ժամանակ»), Շվեյցարիա