Անցած տարեվերջին՝ պատերազմից անմիջապես հետո, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը 2021 թվականին ավելացնում է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներին հատկացվող գումարը՝ այն հասցնելով 2,7 մլրդ դոլարի, ինչը մոտ 20 տոկոսով ավելի է 2020 թվականի համեմատ։ Ընդ որում՝ Ադրբեջանն ավելացրել է այս տարվա բյուջեի նախնական տարբերակում ամրագրված գումարը։
Իսկ Հայաստանի կառավարությունը 2021 թվականի բյուջեով պաշտպանության ոլորտին հատկացրել է 312 մլրդ դրամ կամ այս տարվա փոխարժեքով մոտ 590 մլն դոլար, որն ընդամենը մի քանի մլրդ դրամով է ավելի 2020 թվականի՝ 308 մլրդ դրամ հատկացումից։
ՀՀ Ազգային ժողովը նույնպես 2021 թվականի բյուջեի նախագիծը ընդունեց պատերազմից հետո՝ դեկտեմբերի 10-ին, բայց նախնական տարբերակում որեւէ փոփոխություն չկատարեց։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց, որ բյուջեի նախագիծը մշակվում է գարնանից նախարարությունների ու պետական այլ մարմինների ներկայացրած ծրագրերի հիման վրա, եւ իրենք գործնականում այն փոխելու ժամանակ չեն ունեցել։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը հավատացնում է, որ ինչպես պատերազմի օրերին խորհրդարանը կառավարության առաջարկով բյուջեի նախագծում փոփոխություն կատարեց եւ ռազմական ծախսերի համար լրացուցիչ 40 մլրդ դրամ հատկացրեց, նույնն էլ անհրաժեշտության դեպքում կարող է անել այս տարի։ «Բայց պետք է հաշվի առնենք նաեւ մեր բյուջեի հնարավորությունները։ Գաղտնիք չէ, որ այսօր մենք տնտեսական լուրջ խնդիրներ ունենք, անսահմանափակ չեն բյուջեի հնարավորությունները։ Իսկ բանակի հզորացումը պետք է պայմանավորել ոչ միայն ֆինանսական միջոցների, այլեւ կազմակերպական աշխատանքների հաշվին»,- նշում է պատգամավորը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից նույն հանձնաժողովի անդամ Գեւորգ Գորգիսյանը պաշտպանության ոլորտի բյուջեի մեծացմանը զուգահեռ կարեւոր է համարում եղած գումարների ճիշտ օգտագործումը։ Վերջինիս համար մինչեւ հիմա անհասկանալի է, թե Հայաստանն ինչու գնեց ՍՈՒ-35 կործանիչ 4 ինքնաթիռները, որոնք այդպես էլ չօգտագործվեցին պատերազմում, քանի որ Ռուսաստանը, չէր վաճառում դրանց հրթիռները: Հիշեցնենք, որ այդ կործանիչներն արժեին 130 մլն դոլար կամ մոտ 65 մլրդ դրամ: «Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ Ադրբեջանը չի բավարարվել այս պատերազմի արդյունքներով, եւ շարունակում են հնչել հայատյաց եւ ռազմատենչ հայտարարություններ։ Սրա հետեւանքը կարող է լինել նոր պատերազմը, որին մենք պետք է պատրաստ լինենք»,- հավելում է Գորգիսյանը։
Ամեն դեպքում ներկայացնենք, թե որքան նման կամ որքան տարբեր են եղել մեր երկու երկրների պաշտպանության ոլորտի բյուջեների չափերը տարիներ շարունակ։ Եվ այսպես, բաց աղբյուրների համաձայն, 2006-2009 թվականներին հակառակորդ երկիրն արել է 3,2 մլրդ դոլարի ռազմական ծախսեր՝ տարեկան մոտ 900 մլն դոլարի։ Հաջորդ տասը տարիներին՝ 2009-20018 թվականներին, տարեկան կտրվածքով այդ ծախսերը կտրուկ աճել եւ հասել են 24 մլրդ դոլարի՝ տարեկան մոտ 2,4 մլրդ դոլարի։ Հայաստանն այդ տասը տարիներին պաշտպանության ոլորտին հատկացրել է մոտ 4 մլրդ դոլար։
Իհարկե, կարող ենք ասել, որ Ադրբեջանը թե՛ բնակչության թվով, թե՛ տնտեսության մեծությամբ 3-4 անգամ գերազանցում է մեր երկրին ու անհամեմատելի հարուստ բնական ռեսուրսներ ունի։ Բայց վիճակագրական համեմատությունն ավելի հետաքրքիր է դառնում, երբ տեսնում ենք, որ Արցախյան առաջին պատերազմից հետո երկու երկրների պաշտպանության ոլորտի բյուջեների տարբերությունն այսքան ցայտուն չէր:
Եթե 1995-1998 թվականներին Ադրբեջանը պաշտպանության ոլորտին հատկացնում էր Հայաստանի նույն ցուցանիշից տոկոսային հարաբերությամբ մեծ գումար, ապա 2002-ից այն դարձավ կրկնակի մեծ, իսկ 2005-ից՝ արդեն մի քանի անգամ մեծ։ Ադրբեջանի պաշտպանական բյուջեն 500 մլն դոլարի սահմանը հատեց 2005 թվականին, Հայաստանինը՝ 13 տարի անց՝ 2018-ին։
Հեղափոխության հաջորդ տարում՝ 2019 թվականին, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այդ ոլորտին տրամադրել է 300,5 մլրդ դրամ կամ 600 մլն դոլարից քիչ պակաս, ինչը մոտ 50 մլրդ դրամով կամ 100 մլն դոլարով ավելի էր 2018 թվականի նույն ցուցանիշից։ Այսինքն՝ հեղափոխության հաջորդ տարում կառավարությունը կտրուկ ավելացրել է նախորդների սահմանած պաշտպանական ծախսը, բայց արդեն հետագա երկու տարիների բյուջեներում այն թողել գրեթե նույնը։
Իհարկե, ռազմական բյուջեները բաց աղբյուրներով չի կարելի հաշվարկել, կան նաեւ այլ հատկացումներ, որոնք տեսանելի չեն։ Բայց միայն եղած թվերն էլ բավականին խոսուն են, թեկուզ 2021 թվականի ցուցանիշը. Ադրբեջանը պաշտպանության եւ անվտանգության ոլորտներին հատկացնում է 2,7 մլրդ դոլար, մինչդեռ ՀՀ պետական բյուջեի ընդհանուր ծախսերն են՝ հունվար ամսվա փոխարժեքով, սահմանված մոտ 3,2 մլրդ դոլարի։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։