Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության, Ադրբեջանը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) ընդդեմ ՀՀ-ի՝«Հայաստանի կողմից ռազմական ագրեսիայի արդյունքում իր քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ոտնահարման» մեղադրանքով։ Միաժամանակ Ադրբեջանը Եվրոպական դատարանից պահանջում է «ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ իր քաղաքացիների ոտնահարված իրավունքները վերականգնելու համար»:
Ադրբեջանն «ապացույցներ» է բերել, որ Հայաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկել՝ հակամարտության ընթացքում «անհետ կորած 3890 ադրբեջանցի քաղաքացիների» ճակատագրի վերաբերյալ հետաքննություն անցկացնելու ուղղությամբ:
Ըստ «Արմենպրես»-ի՝ մոտակա ժամանակներում ՀՀ-ն իր հերթին գանգատ կներկայացնի ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի:
Ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ գանգատը՝ ծանրակշիռ ապացույցներով հանդերձ, ներառելու է բավականին մեծ շրջանակ՝ սկսած զոհերի, վիրավորների, տեղահանվածների իրավունքների վերականգնումից մինչեւ կորսված եւ վնասված գույքի վերաբերյալ պահանջները:
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը` միջազգային կառույցների համար շինծու փաստական հիմքեր ստեղծելով, այդ թվում գերեվարված հայ զինծառայողներին ներկայացնելով իբրեւ ահաբեկիչներ:
Արա Ղազարյանը շեշտել է, որ Հայաստանը պետք է կոտրի Բաքվի կեղծ օրակարգը եւ ցույց տա, որ նպատակը բացարձակապես քաղաքական է. Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել, որ Հայաստանն այլեւս զինվորներ չուղարկի Լեռնային Ղարաբաղ (Արցախ), այդպիսով թուլացնելով Արցախի պաշտպանությունը: