Ամերիկյան «Forbes» հանդեսն արձանագրել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմի ավարտից անմիջապես հետո չափազանց սրընթաց կերպով սկսել է զարգացնել «Օխոտնիկ» տեսակի անօդաչու թռչող սարքերի տեխնիկական հնարավորությունները: Դա հասկանալի է, քանի որ պատերազմի ընթացքում թուրքական անօդաչուներն առավելագույն արդյունավետություն արձանագրեցին:
«Աշուլուկ հրաձգարանում ռուս զինվորականների փորձարկած «Սուխոյ» ընկերության արտադրանքն իր ներքին հատվածախցից 500-կիլոգրամանոց անկառավարելի ռումբ է նետել»,-մանրամասնել է ամերիկյան հանդեսը եւ հավելել, որ փորձարկումը բազում հարցեր է առաջացրել վերլուծաբանների շրջանում:
Մասնավորապես, հայտնի չէ՝ ինչ հնարքով էին զինվորականները ռումբը նետելու պահին կառավարում անօդաչուն: Մի վարկածի համաձայն արհեստական բանականությամբ հագեցած «Օխոտնիկ»-ը հեռակառավարվել կամ կառավարվել է ռադիոազդանշանների միջոցով եւ ընդունակ է, ըստ նախապես տրված կոորդինատների, ինքնուրույն հարված հասցնել ցամաքային թիրախներին:
Ռուսաստանը ծրագրում է «Օխոտնիկ»-ը կիրառել անտեսանելի Су-57 կործանիչների համար՝ իբրեւ «իրազեկող»: ԱՄՆ զինուժը ներկա պահին եւս զբաղվում է նման սարքի մշակմամբ: