Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) կարգավիճակի հարցը հիշատակված չէ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Քանի որ Երեւանում ու Բաքվում հակասություններ կան կարգավիճակի շուրջ, երեք ղեկավարները որոշել են այդ հարցի լուծումը թողնել հետագային:
ԼՂ կարգավիճակի հարցով պետք է զբաղվեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք շուտով կայցելեն տարածաշրջան:
ՌԴ արտգործնախարարն «էկզոտիկ» է անվանել Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Ռուսաստանի կազմ ընդգրկելու առաջարկը, եւ եւս մեկ անգամ ընդգծել, որ ԼՂ անկախությունն անգամ Հայաստանը չի ճանաչել:
«Մենք նման մտադրություն չունենք, եւ ելնում ենք նրանից, որ նման խնդիրները պետք է լուծեն Հայաստանն ու Ադրբեջանը` տարածաշրջանում անվտանգությունը պահպանելու համար»,- նշել է Լավրովը:
Ինչ վերաբերում է գերիների հարցին, նա հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է գերիների հարցը փակել:
«Հայկական կողմից ցուցակները միանգամից եւ ամբողջությամբ չեն եղել. գերիները շատ ավելի են նախկինում նշված 62-ից: Այժմ երեք երկրների զինվորականներն անուն առ անուն ճշգրտում են ցուցակները՝ հասկանալու համար՝ որտեղ են այդ մարդիկ», -ընդգծել է Սերգեյ Լավրովը: