«Ամեն մարդու համար ամենալավն իր սեփական տունն է, սակայն, երբ այդ տունն այլեւս չի կարողանում ապահովել անհրաժեշտ պայմանները, Արարատը դառնում է երկրորդ լավագույն տարբերակը»,- վստահեցնում է Արարատ տուն ինտերնատի ղեկավար Դերիկ Ղուկասյանը։
Նա պատմում, թե ինչպես 71 տարի առաջ Մեծ եղեռնը վերապրած մի խումբ հայեր, գնելով Ամերիկյան համր ֆիլմերի գերաստղ Մերի Փիկֆորդի Լոս Անջելեսի առանձնատունը`այն վերածեցին «Արարատ» տուն-ինտերնատի։ Մի հաստատություն, որտեղ տարեցները կկարողանային ժամանակ անցկացնել հայկական միջավայրում եւ ստանալ համապատասխան խնամք:
Արդեն տասնվեց տարի Դերիկ Ղուկասյանն այստեղ է աշխատում: «Տարիներ առաջ Արարատին կից սրահում հարսանիքի էի հրավիրված: Երբ եկա, մտածեցի՝ որքան տխուր է ամբողջ օրը նման կենտրոնում աշխատելը: Հինգ տարի հետո ինքս սկսեցի աշխատել եւ տեսա, որ իրականում մի ուրիշ աշխարհ կա այստեղ»,-հիշում է նա ժպտալով:
ԱՄՆ-ում տարեցների խնամքը տուն-ինտերնատներում կանոնակարգվում է 1935-ին նախագահ Ռուզվելտի ստորագրած «Սոցիալական ծառայության մասին» օրենքով եւ այնուհետեւ`նույն օրենքի 1950-ի հավելվածով, որը թույլ էր տալիս տարեցների խնամքի ֆինանսավորումն իրականացնել նահանգային ծրագրերի միջոցներով:
Տարիների ընթացքում կենսակերպի փոփոխությունների հետեւանքով ավելացավ տարեցների համար նախատեսված նմանատիպ կենտրոնների պահանջարկը: Ավելացավ նաեւ կենտրոններ դիմողների քանակը: Նույն այդ իրավիճակը «Արարատ»-ին ստիպեց ընդլայնել տարածքը եւ կառուցել մի քանի տարբեր կենտրոններ Լոս Անջելեսի տարբեր քաղաքներում:
Այսօր «Արարատ» տուն-ինտերնատում կա 400-ից ավելի բնակիչ եւ նույնքան էլ աշխատակից: Բնակիչները մեծ մասամբ հայեր են, որոնք ԱՄՆ են ներգաղթել աշխարհի ամենատարբեր երկրներից`Չինաստանից մինչեւ Հարավային Ամերիկա:
Նրանց պատմությունները տարբեր են. ոմանք երբեք չեն ամուսանցել, կամ զավակ չեն ունեցել, մի մասն էլ մեծ ընտանիք ունի, բայց ընտրել է «Արարատ»-ը`զավակների երկարատեւ աշխատանքի պատճառով մենակ չմնալու եւ հայ համայնքի հետ լինելու համար: Ցավալիորեն`կան նաեւ տարեցներ, որոնք այստեղ հայտնվել են ընտանիքների կողմից բավարար ուշադրության չարժանանալու պատճառով։
«Բոլոր դեպքերում մենք նրանց բոլորի համար ընտանիք ենք դառնում: Ի վերջո` բոլորն էլ ուզում են իրենց կյանքի ոսկե տարիներն ուրախ անցկացնել»,-ներկայացնելով բնակիչների տարբեր խմբերին`պատկերն ընդհանրացնում է «Արարատ»-ի ղեկավարը:
Մինչ Քովիդի համաճարակը տուն-ինտերնատում ազատ սենյակ զբաղեցնելու համար հերթագրված էր ավելի քան 400 տարեց։ Ցավալի է, բայց ազատ մահճակալ ստանալու պայմանը սա է. բնակիչներից մեկը պետք է մահանա:
«Մեկի ուրախությունը մյուսի տխրությունն է,- նշում է Դերիկ Ղուկասյանը։- Ցավոք սրտի` բոլոր սպասողները չէ, որ կկարողանան մեր բնակիչը դառնալ: Հնարավոր է, որ մինչեւ նրանց հերթը հասնի, շատ ավելի տկարացած լինեն, կամ արդեն տեղավորված լինեն այլ կենտրոններում, կամ մահացած լինեն: Ընդհանրապես սպասում են վեց ամսից մինչեւ մեկ տարի: Այսպես տարեկան ընդունում ու ճանապարհում ենք մոտ երկու հարյուր բնակչի»:
«Արարատ»-ում երկու տարբեր ծառայություն են մատուցում` տուն-ինտերնատ, որտեղ հիմնականում բնակվում են ավելի ակտիվ կենսակերպ ունեցող տարեցները եւ մյուսը` ծերերի խնամքի կենտրոնը, որտեղ խնամվում են շատ ավելի ծանր առողջական խնդիրներ ունեցող բնակիչներ:
«Մեր ամենահին բնակիչն արդեն երեսուն տարի մեզ հետ է: Այստեղ է եկել, երբ բացվել է «Արարատ»-ի Միշըն Հիլզի մասնաճյուղը, երբ նա 60 տարեկան էր: Այս փաստը վկայում է այն մասին, որ ակտիվ կյանքը, զբաղվածությունն ու ուշադրությունը շատ կարեւոր դեր ունեն ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների համար»,-տարիների իր դիտարկումներն է ներկայացնում «Արարատ»-ի ղեկավարը:
«Արարատ»-ում իրենց տունն են գտել նաեւ մի քանի բնակիչ (բուլղարացի, ռուս, արաբ, հույն), որոնք, թեեւ որեւէ կապ չունեն հայկական մշակույթի ու ազգի հետ, սակայն ընտրել են հենց այս կենտրոնը: Միգուցե պատճառն արդեն բոլորին շատ լավ հատնի «Արարատ»-ի խոհանոցն է:
«Մենք մեր ճաշացանկով շատ ենք պարծենում,- Դերիկ Ղուկասյանը չի թաքցնում գոհունակությունը։-Խոհարարն այնպիսի ճաշացանկ է ընտրել, որ կարողանա բավարարել աշխարհի տարբեր երկրներից այստեղ հավաքված բնակիչներին: Անգամ ունենք Արեւմտյան Հայաստանի ճաշատեսակներ: Անշուշտ, այս բոլորը համապատասխանեցնում ենք ժամանակակից պահանջվող դիետային` հաշվի առնելով մեր բնակիչների առողջական վիճակը»:
«Արարատ» տուն-ինտերնատը տարիների ընթացքում ստեղծել է բոլոր հնարավոր կառույցները ոչ միայն իր բնակիչների, այլ նաեւ հայ համայնքի մշակութային կյանքում դեր կատարելու համար: Այստեղ տուն-ինտերնատին կից գործում է եկեղեցի, որը ծառայում է Արարատի բնակչության բոլոր ներկայացուցիչներին` անկախ դավանանքից։
Գործում է նաեւ Արարատ-Էսկիջիան թանգարանը, որտեղ պահվում եւ ցուցադրվում են հայկական տարբեր ժամանակաշրջանների իրեր ու ցուցանմուշներ՝ հենց բնակիչների ընտանիքների ժառանգությունից, ինչպես նաեւ տարբեր վաճառքներից ձեռք բերված առարկաներ, ավետարաններ ու աղոթագրքեր, որոնք Ցեղասպանությունը վերապրածների կատարած գրառումներով պատմում են իրենց գերդաստանի ծնունդների եւ մահերի, ինչպես նաեւ գաղթի ճանապարհի մանրամասնությունները:
Թանգարանը հյուրնկալում է գիտնականների ու գրողների։ Դասախոսություններ ու գրքերի շնորհանդեսներ են լինում: Շենքի շուրջը` գետնին, փորագրված է հայոց պատմության ժամանակացույցը, որն սկսում է բրոնզե դարից եւ ավարտվում դռան առջեւ`Հայաստանի անկախությամբ: Այս յուրահատուկ հուշարձանը «Արարատ»-ի բնորոշիչներից մեկն է դարձել:
Նա մեր զրույցի ընթացքում ներկայացրեց տուն-ինտերնատի արդեն ընթացող նոր աշխատանքները. կառուցվում է նոր շենք`անկախ ապրելակերպի համար, որն այն տարեցներին, ովքեր խնամքի կարիք չունեն, բայց ցանկանում են ապրել «Արարատ»-ում, կտրամադրի ապահով եւ անվտանգ միջավայր` միեւնույն ժամանակ չսահմանափակելով նրանց ազատությունը:
Նաեւ կառուցվում է հատուկ կենտրոն` «Մեմորի քեյր», Ալցհեյմերով եւ Դիմենշիայով տառապող հիվանդների համար: Այս կենտրոնը նախատեսում է դառնալ գերապահով շինություն`կառուցված հատուկ չափանիշներով, որոնք կապահովեն բնակիչների տեղաշարժը ներքին տարածքում:
Համավարակը «Արարատ»-ում եւս իր վնասներն է բերել: «Եղան աշխատողներ, որ վարակակիրներ էին եւ փոխանցեցին մյուսներին: Դժբախտաբար` 90 տարեկան եւ ավելի մինչեւ տասը բնակիչ կորցրեցինք, որոնք ունեին լուրջ առողջական խնդիրներ: Շատ հիվանդներ էլ ունեցանք, որոնք առողջացան»,-ասում է Ղուկասյանը:
Աշխատելով գործող օրենքներին հանապատասխան`Արարատում այցելությունները ժամանակավորապես դադարեցված են: Բացառություն են այցելությունները մահամերձ բնակիչներին, որոնք թույլատրվում են միայն վերջին հրաժեշտը տալու համար: Մնացած բոլոր դեպքերում հարազատներն իրենց տարեցներին կարող են տեսնել հեռախոսի ու համակարգչի էկրանից, ինչպես նաեւ «Արարատ»-ի ապակե պատուհանի հետեւից, որից օգտվելու համար Դերիկ Ղուկասյանի հավաստմամբ, արդեն հերթեր են գոյանում:
Քովիդի առաջին շրջանը բավականին դժվարին եղավ «Արարատ»-ի բնակիչների համար: Նահանգային օրենքներին համապատասխան տարեցները ստիպված էին ամբողջ օրն անցկացնել սենյակներում: Երկուսով ապրողները ստիպված եղան մեկուսանալ: «Բոլոր աշխատակիցները` ինձնից սկսած, այցելում էին բնակիչներին մեկ առ մեկ, կատակում իրենց հետ, ընտանեկան լուսանկարները նայում, զրուցում: Շատերը չէին հասկանում, թե ինչո՞ւ զավակները չեն գալիս տեսության. Կարծում էին՝ մոռացել են իրենց: Անգամ էկրանից հարազատներին տեսնելով` մի մասն ուրախանում էր, մյուսներն ավելի տխրում` իրենց համար անընկալելի իրավիճակից: Չէին հասկանում հիվանդության լրջությունը, վտանգավորությունը»,-նշում է «Արարատ»-ի ղեկավարը: Համավարակի հոգեբանական դժվարությունները հաղթահարելու համար «Արարատ»-ի բնակիչներին օգնում են տարբեր լեզուներով խոսող հոգեբաններ եւ հոգեբույժներ:
Դերիկ Ղուկասյանն այսպես ներկայացնում է տարեցների տուն-ինտերնատի գործունեության ուրախ ու տխուր դրվագները եւ չի բացառում, որ երբեւիցե ինքն էլ կարող է «Արարատ»-ի բնակիչ դառնալ: