Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու մասին՝ հրապարակելով ծավալուն նամակ սրա մասին:
Նամակում նա նշում է, որ Վրաստանն այսօր աղքատ է ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով, քննարկում է, իր կարծիքով, «Վրացական երազանքի» կառավարման շրջանի ձեռքբերումները՝ մանրամասն խոսելով նաեւ «Միացյալ ազգային շարժման» (իշխանական եւ ընդդիմադիր )գործունեության մասին:
««Վրացական երազանքը» ստիպված կլինի անցնել ընդդիմություն»,- նշում է նա: Ի՞նչ է սա նշանակում:
Իվանիշվիլիի հայտարարությունից հետո շատերն առանձնացնում են նրա նամակի հենց այն հատվածը, որտեղ նախկին վարչապետը խոսում է իշխող կուսակցության՝ ընդդիմադիր դառնալու մասին: Քաղաքագետները կարծում են, որ Իվանիշվիլին նոր կուսակցություն կհիմնի:
«Թեեւ Բիձինա Իվանիշվիլին վերջնականապես հեռացավ քաղաքականությունից, բայց նա ինքն իրեն խաբեց, թե այդ հեռացումը սովորական իրադարձություն էր: Նա թողեց լուրջ ինտրիգ, որը հավանաբար կվշտացնի ինչպես իշխող կուսակցությանը, այնպես էլ ընդդիմությանը:
Իվանիշվիլին նախ նամակով, ապա հեռուստատեսային հարցազրույցով բավականին թափանցիկորեն ակնարկեց իր ցանկության մասին՝ քաղաքական ասպարեզում տեսնելու նոր եւ առողջ այլընտրանքային ընդդիմադիր ուժի, որն ապագայում կփոխարինի «Վրացական երազանքին»: Դե, հաշվի առնելով նրա ռեսուրսները, այդ ցանկության իրականացումը դժվար չպետք է լինի նրա համար»,- գրում է վրաց քաղաքագետ Զաալ Անջափարիձեն:
Վերոնշյալի կապակցությամբ Իվանիշվիլին գրել էր. «Ժողովրդավարության օրինականությունն այնպիսին է, որ անպայման կգտնվի մի քաղաքական ուժ, որը բարեխղճությամբ, կրթությամբ, ղեկավարմամբ եւ մտավոր ներուժով կգերազանցի «Վրացական երազանքին», եւ վերջինս ստիպված կլինի անցնել ընդդիմություն: Դուք կզարմանաք, սակայն սա իմ ապագա ամենակարեւոր երազանքն է»:
Բիձինա Իվանիշվիլին հրաժեշտի հեռուստատեսային հարցազրույցում խոսեց բազմաթիվ թեմաներից եւ բնականաբար շատ հարցերի տեղիք տվեց, օրինակ, թե ինչ է լինելու «Վրացական երազանքի» հետ նրա հեռանալուց հետո:
Իվանիշվիլիի՝ քաղաքականությունից հեռանալու որոշման մասին խոսել է նաեւ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն. «Բիձինա Իվանիշվիլին հեռացավ քաղաքականությունից, եւ նա դրա մասին մանրամասն խոսեց իր հայտարարության մեջ, սակայն, իհարկե, այդպիսի անձը երկրում միշտ էլ ազդեցություն կունենա»,- ասել է Կալաձեն:
Բիձինա Իվանիշվիլին երկրորդ անգամ քաղաքականությունից հեռանալու որոշումը կայացրեց 2021 թվականի հունվարի 11-ին եւ այդ թեմայով ծավալուն նամակ հրապարակեց, որում խոսեց նաեւ լրատվամիջոցների, ընդդիմության եւ «Վրացական երազանքի» նվաճումների մասին:
Վրաստանի ամենահարուստ մարդը՝ Իվանիշվիլին, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հիմնադրել է 2012-ի ապրիլին: Նույն թվականի հոկտեմբերին ընտրություններում «Վրացական երազանք» դաշինքը հաղթեց «Միացյալ ազգային շարժմանը» եւ եկավ իշխանության:
2012-2013 թվականներին Իվանիշվիլին եղել է Վրաստանի վարչապետը: 2013-ի նոյեմբերին նա հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից, անցնում քաղաքացիական հատված: Իվանիշվիլին իր ոչ պաշտոնական կառավարման մասին անընդհատ հայտարարությունների ֆոնին 2018-ին պաշտոնապես վերադարձավ քաղաքականություն եւ դարձավ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահը:
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։