Արցախյան վերջին պատերազմի օրերին (նաեւ դրանից հետո) ես հաճախ էի անդրադառնում Հրանտ Դինքի մտքերին, գրքերին, որոնք մեծ հաշվով փակ մնացին հայ հասարակության մեծամասնության համար:
Հրանտը այն եզակիներից էր, որ խոսում էր հայերին եւ հարեւան ժողովուրդներին կեղեքող «պատմական հիվանդությունները» բուժելու անհրաժեշտության մասին: Միայն այդ դեպքում էր նա հավատում խաղաղ Հայաստանի գոյությանն ու առհասարակ տարածաշրջանի երկրների զարգացմանը: Նա տեսնում էր այսօրը՝ հուշելով, որ անցյալի սխալներից դասեր չքաղելով՝ դառնությամբ կլցնենք մեր կյանքը:
«Պատմութեան գրուած էջերը նախապէս ապրուածներու մասին են, իսկ սպիտակ էջերը՝ ապրուելիքներու մասին: Հայ-թրքական յարաբերութիւններու տեսանկիւնէն, ահա անգամ մը եւս մեր առջեւ են դարերու խորքէն եկածները եւ դէպի ապագայ դարեր երկարող մեր միասնական ճակատագիրը: Մեր նախնիները անցեալին լաւ կամ գէշ գրեցին իրենց վիճակուած էջերը։ Հիմնական հարցն այն է, թէ մենք այսօր ի՞նչպէս պիտի գրենք այս սպիտակ էջերը: Անցեալին ապրուած մեծ ողբերգութեան պատասխանատուներուն նման պիտի վարուի՞նք, թէ՞ ոչ այդ թերութիւններէն դաս քաղելով՝ նոր էջերն այս անգամ քաղաքակիրթ մարդու վայել ոճով պիտի գրենք: Մեր առջեւ ծառացած ամենամեծ պատասխանատուութիւնն է այս: Այս պատասխանատուութեան պարտադրուածը իրագործելէ խուսափողները կամ անոնք, որոնք դեռ կը ցանկան նման ողբերգութիւններով լեցնել, իրականութեան մէջ բնաւ ետ պիտի չմնան անցեալին ապրուած տառապանքներու պատասխանատուներէն: Իսկ մենք՝ պատասխանատուութեան գիտակցողներս, երբեք պէտք չէ թոյլ տանք, որ մեր օրերու էջերն ալ նոյն ոճով գրուին»,- գրել է Հրանտ Դինքն իր «Երկու մօտ ժողովուրդ, երկու հեռու հարեւան» գրքի առաջաբանում:
Հրանտ Դինքի խոսքը կիսատ մնաց 2009-ի հունվարի 19-ին, բայց մտքերը շարունակվում են նրա հոդվածներում, գրքերում, ելույթներում։ Նրա մտահոգությունները՝ աղավնու անհանգիստ շարժումների նմանվող (ինչպես ինքն է գրել հոդվածներից մեկում), եւ աչքն ու ականջը միշտ վտանգի ուղղությամբ սրած նրա կյանքը մեզ հուշում են, որ անհոգ ու անմիտ ապրելու ժամանակն անցել է։
2006 թվականին «Հայաստան-Սփյուռք» համաժողովում Հրանտ Դինքն իր ելույթում խոսում էր հայ ժողովրդի ներկան ու ապագան հարեւան ժողովուրդների հետ երկխոսությամբ ու խաղաղությամբ կառուցելու, դիմացինին չթերագնահատելու, սեփական արժանիքները չգերագնահատելու շատ կարեւոր թեմաների շուրջ: Ապագա կառուցելու հարցում հին հաշիվները չպետք է դառնան խոչընդոտ: Նա տեսնում էր այսօրվա պատերազմը, խոսում էր սպասվող ողբերգության մասին, եթե «խելք չհավաքենք» եւ շարունակենք երկիրը կործանման տանող քաղաքականությունը:
Համաժողովին ներկաներից քչերն էին լսում նրա խոսքը՝ համարելով այն դրսից եկած հայի հերթական գեղարվեստական մի ելույթ, եւ անհամբեր սպասում էին ընդմիջմանը՝ գեղարվեստական մթնոլորտում ջերմ գրկախառնություններով ողջունելու միմյանց: Հայաստանն այդ ժամանակ բոլորովին այլ տեղում էր, հայկական օրակարգը բոլորովին ուրիշ էր։
Այսօր Հայաստանն ապրում է Հրանտ Դինքի մատնանշած բոլոր ողբերգությունները, մոտեցել է նրա մատնանշած վտանգներին: Այսօր, քան երբեւէ մեզ համար կարեւոր են Հրանտ Դինքի առաջարկած երկխոսության, հարաբերությունների բոլոր ձեւաչափերը: Բայց այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը նորից այլ տեղում է, եւ կարծես այսօր էլ, ինչպես այն ժամանակ, սպասում ենք, որ շարունակենք ընդմիջված գեղարվեստական երեկոն։

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։