Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Թուրքիայի իշխանությունները տեղական ընկերություններին արգելել են գովազդ տրամադրել «Twitter»-ին՝ Թուրքիայում իր ներկայացուցչին չնշանակելու եւ այդկերպ՝ սոցցանցերի կարգավորման մասին նոր օրենքը խախտելու համար: Դրա մասին գրել է թուրքական «Resmi Gazete» պարբերականը:
«Twitter»-ին, «Periscope»-ին եւ «Pinterest»-ին գովազդ տրամադրող թուրքական ընկերությունները խոշոր տուգանք կվճարեն:
Անցյալ տարվա նոյեմբերին «Facebook», «Instagram», «Twitter», «YouTube», «Periscope» եւ «TikTok» սոցիալական ցանցերը տուգանվել են թուրքական իշխանությունների կողմից 10 միլիոն թուրքական լիրայով (շուրջ 1,2 միլիոն դոլար)՝ երկրում իրենց ներկայացուցչի մասին սահմանված ժամկետում տեղեկություն չտրամադրելու համար:
Հուլիսին Թուրքիայի խորհրդարանում «Սոցցանցերի գործունեությունը կարգավորելու մասին» օրենքի համաձայն ավելի քան 1 միլիոն օգտատեր ունեցող սոցցանցը պետք է Թուրքիայում ներկայացուցչություն բացի, որի ղեկավարը թուրքական քաղաքացիություն պետք է ունենա:
Ըստ նոր օրենքի, սոցցանցերում զետեղված գրառումները, որոնք թուրքական իշխանությունները վիրավորական կհամարեն՝ պետք է առանց դատարանի որոշման՝ 48 ժամվա ընթացքում հեռացվեն: Նշված պահանջները չկատարելու՝ գրառումը չհեռացնելու դեպքում ընկերությունը խոշոր տուգանք կվճարի, իսկ նրա թրաֆիքը զգալիորեն կկրճատվի:
Օրենքը պահանջում է, որ ընկերություններն իրենց թուրք հաճախորդների մասին տվյալները պահպանեն բացառապես Թուրքիայի տարածքում: