«Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2016-ին հաղթեց ընտրություններում, շատերին էր հետաքրքրում, թե նոր վարչակազմը ինչպիսի արտաքին քաղաքականություն կարող է մշակել»,- գրում է իսրայելական The Jerusalem Post պարբերականի մեկնաբան Սեթ Ջ. Ֆրանցմանը։
Շուտով պարզվեց, որ Թրամփը որդեգրել է մեկուսացման քաղաքականություն, ինչն իր նպատակներին հասնելու համար ճարպկորեն օգտագործեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հեղինակի կարծիքով՝ Թուրքիայի ձեռքերն ազատվեցին։ Նա Սիրիայում եւ ողջ տարածաշրջանում ռազմականացման, ագրեսիայի ու հակառակորդների դեմ էթնիկ զտումների զանգվածային արշավ սկսեց։
«Վերջին չորս տարվա ընթացքում Թուրքիային թույլ տրվեց՝ հաճախ Թրամփի վարչակազմի գիտությամբ, հարձակվել Վաշինգտոնի ցուցարարների վրա, Սիրիայում ներխուժել Աֆրին, սպառնալ ՆԱՏՕ-ի գործընկերներին, հյուրընկալել ՀԱՄԱՍ-ին, աղքատ սիրիացիներից հավաքագրել գրոհայիններ, խրախուսել պատերազմ հայերի դեմ, եւ նույնիսկ սպառնալ ԱՄՆ-ի զորքերին Սիրիայում»,-գրում է Ֆրանցմանը:
Այժմ Թուրքիան վախենում է, որ նորընտիր նախագահ Ջո Բայդենը եւ թիմը կարող են Անկարայից կարգադրություններ եւ սպառնալիքներ չընդունել: Բայդենի հաղթանակից հետո Թուրքիան արդեն փոխում է իր ագրեսիվ պահվածքը՝ զգալով, որ ուրիշների վրա հարձակվելու ազատության հնարավորությունը կրճատվել է: