Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը 2020 թվականին ընտրություններում «Արդարություն» կուսակցության նախագահի թեկնածուն էր, Արցախի Հանրային հեռուստատեսությամբ խոսել է իր մոտեցումների եւ «Արդարություն» կուսակցության քաղաքական կուրսի տարբերության մասին, հավելելով որ բոլոր քաղաքական ուժերի պես «Արդարություն» կուսակցությունն էլ ունի իր ռազմավարությունն ու քաղաքական կուրսը:
Նա նշել է, որ մինչեւ ընտրություններն իր եւ նորաստեղծ կուսակցության տեսակետները գրեթե համընկնում էին:
«Խորհրդարանի ձեւավորումից հետո «Արդարություն» խմբակցությունն իրեն հայտարարել է ընդդիմություն՝ առայսօր պահպանելով իր կուրսը: Ես իմ սրբազան պարտքն եմ համարում մեր երկրին ու ժողովրդին ծառայելը, առավել եւս, երբ երկրում ծանր իրավիճակ է: Ուստի, երբ Արցախի Հանրապետության նախագահը հայտարարեց ազգային համաձայնության կառավարության ձեւավորման մասին եւ ձեռք մեկնեց քաղաքական բոլոր ուժերին, ես առաջիններից մեկն էի, որ արձագանքել եմ: Կցանկանայի, որպեսզի Արցախում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր սրբազան պարտքը համարի՝ մեր ժողովրդին ու երկրին ծառայելը»,-ընդգծել է Բալասանյանը: