Ներփակվել ենք մենք մեր փոքրիկ սահմաններում, կքել մեր ուսերին ծանրացած աներեւակայելի բեռի տակ։ Ուժերի գերլարմամբ, մեր պրկված մկանների հաշվին, դիմանում-դիմադրում ենք։ Պատերազմը, հետպատերազմյան այս արհավիրքը, այս անորոշությունը մեզ իրենց շրջապտույտում են պահում։ Կտրվել այս իրականությունից՝ Հայաստանից դուրս եղած զարգացումներին ազատորեն հետեւելու, դրանք տեսնելու ու գնահատելու ոչ տրամադրվածություն ունենք եւ ոչ էլ ուժ։ Այլ կերպ լինել չէր էլ կարող։ Մեծ էր հարվածը, որ ստացանք։ Բայց մի թեմա կա, որը չպետք է լռության մատնվի։ Անկախ ամեն ինչից, մեր հոգսերից անկախ դրան պետք է անդրադառնալ։ Պետք է գրել բելառուսների մասին։ Հայաստանից նրանց հասցեին դրվատանքի խոսք պետք է հնչի։
2020 թվականի օգոստոսի 9-ից սկսած բելառուսներն իրենց քաղաքների փողոցում են։ Իսկ յուրաքանչյուր կիրակի մեծ երթեր ու հանրահավաքներ են տեղի ունենում։ Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին հանրահավաքները հսկայական էին։ Բնական է, այսօր ավելի քիչ մարդ է փողոցներ դուրս գալիս՝ ժամանակն իրենն անում է, բայց -20 աստիճան սառնամանիքներն անգամ խոչընդոտ չեն։
Փողոցային երկարատեւ պայքարով հայաստանցիներս չես զարմացնի։ Մենք տարիներ ենք անցկացրել փողոցներում, բայց Բելառուսում՝ սրանից մի 7-8 ամիս առաջ նման բանը քիչ հավանական էր թվում։ Հնուց, դեռ խորհրդային տարիներից, համոզմունք կար, թե այս ժողովուրդը քաղաքականապես իներտ է։ Այս հանգամանքն էլ՝ իշխանության գալուց անմիջապես հետո (1994 թ․) օգտագործում էր Լուկաշենկոն։ Որպես առաջին քայլ՝ փոփոխություններ կատարելով Սահմանադրության մեջ՝ իրեն օժտեց դիկտատորական լիազորություններով, իսկ 2004-ին Սահմանադրությունից ընդհանրապես հանեց նախագահական ժամկետի սահմանափակման մասին դրույթն, ինչ իրեն անընդհատ առաջադրվելու եւ նախագահ ինքնահռչակվելու հնարավորություն ընձեռեց։
Մարդիկ, բնական է, ընդվզել են Լուկաշենկոյի ձեռնարկած այս քայլերի դեմ։ Բայց բողոքի ակցիաները բավական արագ ճնշվել են ոստիկանական ուժերի կողմից՝ կազմակերպիչները կամ հայտնվել են կալանավայրերում, կամ ստիպված են եղել արտագաղթել, իսկ հուսահատ մարդիկ գլխիկոր տուն են վերադարձել։ Լուրջ ու երկարատեւ դիմադրության Լուկաշենկոն չի հանդիպել։ 2006-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքն ամենաերկարատեւն էր՝ 5 օրվա կյանք ունեցավ։
2015 թվականի նախագահական ընտրությունները Լուկաշենկոն այնպես էր կազմակերպել, որ իր օգտին 80 տոկոսից ավել քվե հայտարարելուց հետո բողոքի նշանակալի դրսեւորումներ ընդհանրապես չարձանագրվեցին։ Մինչեւ բուն ընտրություններ դաշտն արդեն մաքրված էր ծանրակշիռ քաղաքական դեմքերից։ Նա ավելի քան վստահ էր՝ 2020 թ․ ընտրությունները նույն սցենարով են ընթանալու։ Անհրաժեշտ բոլոր քայլերն արվել էին։ Քիչ թե շատ լուրջ հավակնորդներից մեկին՝ Սերգեյ Տիխանովսկուն կալանավորել էր, իսկ մյուս երկու լուրջ հավակնորդների գրանցումը ԿԸՀ-ն մերժել էր։ Տիխանովսկու փոխարեն առաջադրված նրա կինը՝ Սվետլանան մինչեւ ընտրությունների նախօրե իշխանությունների կողմից լուրջ չէր ընկալվում։ Իսկ երբ հասկացան, որ լուրջ է՝ արդեն ուշ էր։ Մոտեցավ ու հաստատվեց ընտրությունների օրը՝ 2020-ի օգոստոսի 9-ը, եւ Բելառուսի համար նոր թվագրություն սկսվեց։
Այդ օրը փողոց դուրս եկած բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ իրականացված ոստիկանական բռնություններն իրենց դաժանությամբ հիշվելու են ոչ միայն Բելառուսի պատմության մեջ։ Դրանք դասվելու են մարդուն հայտնի դաժանագույն բռնությունների շարքում։ Այդ կադրերը պտտվում են ու դեռ երկար կպտտվեն համացանցում, կդաջվեն մարդկանց հիշողության մեջ։ Անգամ Բելառուսի հետ որեւէ կապ չունեցողները, Բելառուսից հեռու ու բելառուսներից անտեղյակ մարդիկ այդ կադրերը մոռանալ չեն կարողանալու։
Հայաստանցիներս ոստիկանական կամայականություններ ու բռնություններ շատ ենք տեսել․ պատկերացնելի ու անպատկերացնելի խոշտանգումներ ենք տեսել, գնդակահարված խաղաղ հանրահավաք ենք տեսել, բայց անգամ մեզ՝ օգոստոսի 9-ի բելառուսական հանրահավաքի խոշտանգված մասնակիցների լուսանկարները կարող են նորություն թվալ։
Լուկաշենկոն վստահ էր՝ նախապես ծրագրված ցուցադրական դաժանությունից հետո մարդիկ տուն են գնալու։ Գնալու են տուն, սարսափած փակվեն իրենց տների չորս պատերի մեջ ու էլ դուրս չեն գալու։ Անգամ պատուհաններից դուրս չեն նայելու։ Բայց սխալ դուրս եկան ընտրություններում պարտված դիկտատորի հաշվարկները։ Մարդիկ չընկրկեցին։ Մարդիկ շարունակեցին ու շարունակում են իրենց մեծ ու փոքր քաղաքների փողոցներ դուրս գալ։ Հանուն իրենց արժանապատվության։ Սա արդեն նախագահի աթոռը Լուկաշենկոյից խլելու պայքար չէ։ Սա համաժողովրդական շարժում է։ Սա մի հերոսական ժողովրդի արժանապատվության ու հաստատման պայքար է։
Լուկաշենկոն, Բելառուսում իրեն միահեծան տեր ու տիրական երեւակայող Լուկաշենկոն, տեսավ ու շարունակում է տեսնել, որ մարդիկ, բելառուս ժողովուրդը, երեկվա, թվում էր, հնազանդ քաղաքացին, չի վախենում ոստիկանական մահակներից, չի վախենում դիմահար կրակոցից, չի վախենում ձերբակալված լինելու ու խոշտանգումների ենթարկվելու վտանգից։
Եւ պարտվում է Լուկաշենկոն անընդհատ։ Պարտվում է քաղաքացիական արիության փայլուն օրինակներ ցուցադրող բելառուսների քայլերթներին, սպիտակ հագած բելառուս կանանց ցույցերին, տասնյակ հազարավոր ցուցարարների «Жыве Беларусь!» բացականչություններին, սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներին։ Ու արդեն կարեւոր էլ չէ, թե որքան է նա դեռ կառչած մնալու նախագահի աթոռից։ Մե՞կ տարի, երկու՞ տարի, ավե՞լ՝ նշանակություն չունի։ Մնում է միայն հուսալ, որ բելառուսները՝ աչքի առաջ ունենալով 2018-ի հայաստանյան ձախողված փորձը՝ առաջիկա հնարավորության դեպքում կընտրեն ոչ թե ոգեւորությանը, ոչ թե զգացմունքներին, այլ սառը դատողությանը եւ սառը հաշվարկին տուրք տալով։ Սա արդեն այլ հարց է։ Իսկ մինչեւ այդ Բելառուսն այլեւս այլ երկիր է, բելառուսներն այլ ժողովուրդ են եւ այդ երկրում ու այդ ժողովրդի մեջ Լուկաշենկոն պարտված է։
Եւ արժի Հայաստանից բարձրաձայնել՝ «Բելառուսներ, դուք աներեւակայելի եք»։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։