Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի եւ Մոսկվայում հունվարի 11-ի Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպման ընթացքում արված հայտարարությունների համաձայն՝ տարածաշրջանում պետք է ապաշրջափակվեն տրանսպորտային ու տնտեսական կապերը։
Հայտնի է, որ Արցախյան առաջին պատերազմից ի վեր Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան որեւէ հարաբերություն չեն ունեցել՝ բացառությամբ Մինսկի խմբի ձեւաչափի ու հատուկենտ այլ դեպքերի։ Բայց տնտեսական դաշտում կա մի հարթակ, որտեղ նրանք, կարելի է ասել, համագործակցում են, անգամ բաժնետեր են։ Դա Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկն է (Black Sea Trade and Development Bank)։
Բանկը հիմնադրվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (Black Sea Economic Cooperation) 11 հիմնադիր երկրների՝ Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Հայաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Վրաստանի եւ Ուկրաինայի կողմից 1997 թվականին կնքված պայմանագրի հիման վրա եւ իր գործունեությունը սկսել է 1999-ից`որպես այդ համագործակցության ֆինանսական հենասյուն:
Հայաստանի բաժնեմասն ընդամենը 1 տոկոս է, Ադրբեջանինը՝ 5 տոկոս։ Ամենամեծ բաժնեմասն ունեն ՌԴ-ն, Թուրքիան եւ Հունաստանը՝ 16,50-ական տոկոս։ Ամենաքիչ բաժնեմասն ունեն Վրաստանն ու Մոլդովան՝ 0,5 տոկոս։
Մինչ այժմ բանկը Հայաստանում ֆինանսավորել է 39 ծրագիր՝ շուրջ 275 մլն եվրո արժողությամբ։ Ներդրումների գերակշիռ մասը՝ մոտ 67 տոկոսը, ուղղվել է բանկային ոլորտին՝ «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Արարատ բանկ» եւ այլն։ Ընդամենը 11 տոկոսն է ներդրվել արդյունաբերության մեջ՝ «ՆԱՏՖՈՒԴ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան» եւ այլն։
Ադրբեջանում նույնպես բանկը 39 ծրագիր է ֆինանսավորել, բայց 427 մլն եվրո արժողությամբ։ Այս երկրում բանկերին բաժին է ընկել ֆինանսավորման 47,6 տոկոսը, 34,8 տոկոսը հատկացվել է էներգետիկ ոլորտին՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR), «Շահ Դենիզ» ծովային գազակոնդենսատային հանքավայրի շահագործման ծրագրին եւ այլն։
Համեմատելով Հայաստանի եւ Ադրբեջանի բաժնեմասերը (համապատասխանաբար՝ 1 եւ 5 տոկոս), կարելի է նկատել, որ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը բավականին առատաձեռն է եղել մեր տնտեսությունը ֆինանսավորելիս։
Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հիմնադրման ժամանակ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը Բագրատ Ասատրյանն էր։ Վերջինս մեզ հետ զրույցում պատմեց ՍԱԶԲ-ի հիմնադրման, արված աշխատանքների, նպատակների մասին. բանկում վճիռ կայացնողները բաժնետերերն են, եւ նրանք ամեն կերպ պետք է ցույց տան, որ անաչառ են, ծրագրերն էլ համաչափ են ֆինանսավորվում։ Դժվար թե երկրների միջեւ առկա քաղաքական խնդիրներն ազդեն բանկի քաղաքականության վրա։
Սեւծովյան բանկը ամենաշատ ֆինանսավորումը հատկացրել է Ռուսաստանին՝ 78 ծրագիր 1 մլրդ 354 մլն եվրո արժողությամբ։ Համեմատության համար ասենք, որ նույնքան բաժնեմաս ունեցող Թուրքիայում եւ Հունաստանում բանկը ֆինանսավորել է համապատասխանաբար 39 ծրագիր 1 մլրդ 300 մլն եվրո եւ 27 ծրագիր 666,7 մլն եվրո արժողությամբ։ ՌԴ-ում ֆինանսական ներդրումներն ունեն գրեթե նույն համամասնությունը, ինչ մեր երկրում է։ Իսկ արդեն Թուրքիայում դրանք բավականին դիվերսիֆիկացված (բազմազանեցված) են, եւ ամենամեծ՝ 35,3 տոկոսը, բաժին է ընկնում արդյունաբերության, 33,3 տոկոսը՝ ֆինանսական եւ շուրջ 11 տոկոսը՝ առողջապահության ոլորտներին։
Նշենք նաեւ, որ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկում յուրաքանչյուր անդամ երկիր իր ներկայացուցիչներն ունի։ Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի հիմնական ներկայացուցիչը ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանն է, նրան փոխարինող անձը՝ ԿԲ խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը։ Տնօրենների խորհրդում նույնպես երկու ներկայացուցիչ ունենք՝ ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը եւ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արգամ Արամյանը։ Բանկի նախագահը ՌԴ ներկայացուցիչ Դմիտրի Պանկինն է։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։