ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի պատկերավոր խոսքով՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի դռան մոտ անհանգստացած դաշնակիցների հերթ է գոյացել:
Ըստ ֆրանսիական «Le Monde diplomatique» պարբերականի հրապարակման՝ Ռասմուսենը նշել է. «2021-ին ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները կստանան հնարավորություն, որը տրվում է հարյուր տարին մեկ: Խոսքը Ռուսաստանի եւ Չինաստանի նման ավտոկրատ երկրներում ժողովրդավարության նահանջը կասեցնելու մասին է, բայց դրա համար անհրաժեշտ է, որ հիմնական ժողովրդավարական ուժերը միավորվեն, ինչպես նրանից ոմանք վարվեցին մի սերունդ առաջ Աֆղանստան ու Իրաք ներխուժելիս: Արդեն եկել է ավելի ուժեղ հակառակորդներով զբաղվելու ժամանակը»:
Իսկ ումի՞ց սկսել:
Քանի որ Վաշինգտոնը մտադիր է ամրապնդել ժողովրդավարական խաչակրաց արշավանքի առաջնորդի իր դերն, արբանյակ երկրները պիտի հասկանան, որ ամերիկացիները գլխավոր թշնամու վերաբերյալ միասնական տեսակետ չունեն:
Նրանց դրդապատճառները համաշխարհային աշխարհաքաղաքականության հետ քիչ ընդհանրություններ ունեն, ինչը հիմնականում բացատրվում է ներքին պառակտումով: Դեմոկրատների համար գլխավոր թշնամին Ռուսաստանն է, քանի որ կուսակցության ղեկավարությունն, այդ թվում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, արդեն չորս տարի շարունակ պնդում են՝ «Թրամփի հետ բոլոր ճանապարհները տանում են Պուտինի դուռը»: Հանրապետականներն էլ պատասխանում են «պեկինյան Բայդեն» մանկական բացականչությամբ, ինչ է թե՝ նորըտիր նախագահի երկրորդ որդին մի ժամանակ Չինաստանում բիզնես գործունեություն է ծավալել, իսկ դեմոկրատներին վերագրվող գլոբալիզացիան Պեկինի օգտին եղավ: