Հյուսիսանտլանտյան ռազմական դաշինքն անցյալի վերապրուկ է, «Արեւմուտք» հասկացությունը կորցրել է բովանդակությունը, իսկ Եվրոպան պետք է ինքնուրույն դիմակայի ԱՄՆ-ին ու Չինաստանին. այս թեզերն առաջ քաշել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Մեծ քաղաքականությունից հեռանալով՝ Շրյոդերը բարձրաձայն ասում է այն, ինչի մասին շատերը միայն շշնջում են: Շրյոդերին հաճախ մեղադրում են, թե աշխատում է Վլադիմիր Պուտինի ու պուտինյան ռեժիմի օգտին՝ պատկառելի վարձատրություն ստանալով «Ռոսնեֆտ» եւ «Նորդ Սթրիմ-2» տնօրենների խորհրդի պաշտոնում:
«Վելտ» պարբերականին տված հարցազրույցում Շրյոդերը հայտարարել է. «Մի քանի տասնամյակ գոյատեւած Հյուսիսանտլանտյան ռազմական դաշինքն անցյալի վերապրուկ է. Թրամփը վերացրեց այն, ինչն ամեն դեպքում արդեն անհնար էր փրկել»: Նման մի միտք նախկին կանցլերն արդեն արտահայտել էր: Անցյալ տարվա նոյեմբերին «Հանդելսբլատ» պարբերականի էջերում նա բացահայտ գրել էր, որ Ամերիկայի եւ «հին Եվրամիության» երկրների ճանապարհները բաժանվել են դեռ 2003-ին, երբ ամերիկյան զորքը գրոհում էր Իրաքը, իսկ Ջո Բայդենի օրոք հարաբերություններում նշանակալից փոփոխություններ չարժե սպասել:
«Հյուսիսանտլանտյան դաշինքն առաքելությունն ավարտեց ԽՍՀՄ փլուզման պահին, որից հետո դաշինքը պիտի ցրեին կամ, առնվազն, սկզբունքորեն վերափոխեին: Դա տեղի չունեցավ: Երեւան եկան նոր դաշնակիցներ, ՆԱՏՕ-ի սահմանները ընդլայնվեցին մինչեւ Ռուսաստան»:
Այնուհետեւ Շրյոդերը Եվրոպային խորհուրդ է տալիս ԱՄՆ-ին եւ Չինաստանին դիմակայելու համար քաղաքականապես ու ռազմական առումով ավելի ուժեղ դառնալ:
Ապացուցելով Մոսկվայի հետ դաշինքն ամրապնդելու անհրաժեշտությունը, նախկին կանցլերն ասում է, որ Արեւելք-Արեւմուտք բաժանումն արդեն չի գործում. ամեն ինչ հարաբերական է դարձել: «Արեւմուտքը Արեւելքի ռազմական, տնտեսական եւ աշխարհայացքային պատասխանն էր»,- եզրափակել է Շրյոդերը:
Նա, անշուշտ, դատապարտում է Ղրիմի բռնակցումը, բայց եւ նշում, որ այդ քայլը սոսկ Ռուսաստանի արձագանքն էր իրեն շրջափակել ձգտող Հյուսիսանտլանտյան դաշինքի ագրեսիվ քաղաքականության նկատմամբ: