Վրաստանի կառավարությունն երեկվա նիստում հաստատել է Քովիդ-19-ի դեմ պատվաստման ազգային ծրագիրը,- տեղեկացնում է «Ալիք մեդիայի» վրաստանյան հարթակը:
Նախատեսված է, որ մինչեւ 2021 թվականի ավարտը պատվաստված պետք է լինի երկրի չափահաս բնակչության 60 տոկոսը: Դրա համար 2021 թվականին անհրաժեշտ կլինի մոտավորապես 3,979,300 չափաբաժին։
Ծրագրի համաձայն՝ Վրաստանում առաջին հերթին պատվաստվելու են առողջապահական համակարգի աշխատակիցների մոտ 65 տոկոսը։
Ինչպես եւ որտեղ կարվի պատվաստումը
«Պետք է նշել, որ դժվար կլինի իրականացնել -80 աստիճանի տակ պահվող պատվաստանյութի առաքումը մարզեր, ինչի պատճառով այս տեսակի պատվաստանյութով պատվաստումները կիրականացվեն երեք քաղաքներում՝ Թբիլիսիի, Բաթումի եւ Քութայիսի խոշոր հիվանդանոցներում: Հետագայում, երբ կանցնենք 2-8 աստիճանի տակ պահվող պատվաստանյութերին, հնարավոր կլինի պատվաստումներն իրականացնել նաեւ մարզային մակարդակում»,- ասել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Փոխնախարարը նշել է, որ Վրաստանը «Կովաքս» հարթակին արդեն վճարել է 1,4 մլն չափաբաժնի համար, որը կբավարարի երկրի բնակչության 20 տոկոսին։
Ինչ վերաբերում է իմունիզացման համար նախատեսված ծախսերին, ապա ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ կլինի վճարել նվազագույնը 19,5 մլն, առավելագույնը 47,8 մլն ԱՄՆ դոլար: Գումարի տարբերությունը կապված է պատվաստանյութերի գների հետ:
Պատվաստումները կարվեն երեք փուլով։ Առաջին փուլում, ինչպես ասվեց, կպատվաստվեն առողջապահական համակարգի աշխատակիցները, երկարաժամկետ խնամքի հաստատությունների շահառուներն ու աշխատակազմը, 75 տարեկանից բարձր անձինք: Երկրորդ փուլում 65-74 տարեկան անձինք եւ ռազմավարական նշանակության ծառայությունների աշխատակիցները, 55-64 տարեկան անձինք եւ 18-54 տարեկան անձինք, որոնք ունեն քրոնիկական հիվանդություններ: Երրորդ փուլում՝ բնակչության այլ խմբեր։
Ընդհանուր հաշվով 2021 թվականին պետք է պատվաստվի 1,691,214 մարդ՝ երկրի չափահաս բնակչության 60 տոկոսը: