Թուրքական զինուժի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Փեքինն անհանգստացած է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի՝ Թուրքիայի մասին արած հայտարարություններից:
Բլինքենի ելույթները հանգեցրել են այն մտքին, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը ցանկանում է տեսնել Վաշինգտոնին ենթարկվող Թուրքիա:
Թուրքիայի սրտով չէ Բլինքենի որակումը, թե՝ Թուրքիան մի դաշնակից է, որը հաճախ չի գործում ինչպես հարկն է եւ դա ակնհայտորեն շատ լուրջ խնդիր է ԱՄՆ-ի համար:
Ավելի վաղ Բլինքենն անընդունելի էր որակել ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքն ու շեշտել, որ այն ամենաառանցքային հարցերից մեկն է լինելու ԱՄՆ նոր վարչակազմի համար:
«Sputnik» լրատվամիջոցի հետ զրույցում թուրք գեներալը մտահոգություն է հայտնել, որ Բլինքենը Թուրքիային անվանել է «այսպես կոչված դաշնակից, որն ԱՄՆ-ի հակառակորդների հետ նույն ուղեծրում է»։
«Բայդենի վարչակազմը, դեռ իր պարտականություններին չանցած, արդեն սպառնում է Թուրքիային»,- ընդգծել է թուրք գեներալը: