«2020 թվականի վերջին բոլորս ականատես դարձանք 100, 200 եւ 300-ամյա վաղեմության պատկերների կրկնությանը, որոնց մասին կարդացել էինք գրքերում, երբ Հարավային Կովկասն օտար ճակատամարտերի ասպարեզ էր, իսկ ցանկացած կայսրություն ի վիճակի էր այստեղ գծելու քարտեզի՝ իր սրտի ուզած սահմանները»,- գրում է վրացի փորձագետ Դավիթ Խմալաձեն:
«Գրեթե 30 տարի առաջ՝ Խորհրդային Միության փլուզումից եւ անկախության ձեռքբերումից հետո,- ցավով արձանագրում է փորձագետը,- Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ազգաբնակչությունն ու քաղաքական վերնախավերն այդպես էլ չգիտակցեցին, որ Հարավային Կովկասը տնտեսական, քաղաքական ու սոցիալական ընդհանուր շահերով միասնական տարածաշրջան է, եւ նրա կայուն զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հարեւանները բազմակողմանի երկխոսություն ծավալեն եւ համագործակցեն»:
Խմալաձեն նշում է, որ բարեկամության, ինտեգրման ու միավորման գաղափարների փոխարեն այստեղ ամեն երկիր առաջնորդվում է այսրոպեական քաղաքական հետաքրքրություններով՝ ձգտելով դրանք վեր դասել մյուսների շահերից եւ չմտածելով, թե ինչ հետեւանքների կարող է դա հանգեցնել ապագայում:
«Մեր ժողովուրդներն առաջնորդվում են դրսից պարտադրված կարծրատիպերով, վախերով ու միմյանց նկատմամբ ատելությամբ,- նկատում է փորձագետը եւ հավելում,- այսօր, օրինակ, Հայաստանի ու Ադրբեջանի բնակիչներն ատում են իրար եւ անհնար համարում համակեցությունը միեւնույն տարածքում»:
«Իսկ Վրաստանը, որը կարող էր հանդես գալ իբրեւ դատավոր ու միջնորդ, վաղուց վատնել է քաղաքական նախաձեռնողականությունն ու գերադասում է բոլոր հարցերում լռություն պահպանել: Արդյունքում մեր տարածքում տերուտիրական են դառնալու կա՛մ ռուսները, կա՛մ թուրքերը, կա՛մ պարսիկները, մի խոսքով, ով ասես, բացի մեզնից»,- տարակուսում է փորձագետը:
«Այսօր ՀարավայինԿովկասի երկրներից ամեն մեկը փորձում է գուշակել՝ ինչպիսին է լինելու 2021-ը՝ ուշադրությունը սեւեռելով աշխարհի տարբեր երկրների վրա: Ադրբեջանցիք ակնկալում են Թուրքիայի հետ ինտեգրման խորացում, հայերը դեռեւս հույս ունեն, որ Ռուսաստանն իրենց կօգնի, իսկ վրացիք սպասում են ԱՄՆ նորընտիր նախագահին »,-եզրափակում է Խմալաձեն:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը