Անցած վաղ գարնան մի երեկո մայրն ու քույրերը ժենգյալով հաց էին թխում: Հայրը սեղանի գլխին էր: Մենք պապենական ավանդույթով քավոր-սանիկ ենք: Գյուղի ձմռան երեկոների մեր ամենացանկալի հյուրը Վազգեն քեռին էր: Հայրս նրան եղբոր պես էր ընդունում: Այն հին, գրեթե դեռ նահապետական ժամանակներում, այսօրվա պես հիշում եմ՝ հայրս ու Վազգեն քեռին ռադիոընդունիչին հպված՝ լսում էին «Ամերիկայի ձայնի» հաղորդումները: Մանկական այդ հիշողություններից տպավորվել է, որ Վազգեն քեռին հորս ասում էր. «Այ, Սերոժ, կտեսնես, Քենեդուն Ջոնսոնն է սպանել, որ տեղը նստի»: Ես չգիտեի՝ Քենեդին ով է, Ջոնսոնն՝ ով, բայց Վազգեն քեռին ասում էր շատ համոզիչ: Բանակային ծառայություն անցել էր Գերմանիայում եւ երբ ռուսերեն ասում էր «Бранденбургские ворота», իմ աչքին նա գրեթե Բեռլին գրաված էր երեւում:
Ահա՝ անցած-գնացած, հուշ դարձած այդ երեկոներից էինք հոր հետ խոսում, մայրն ու քույրերը տաք-տաք ժենգյալով հաց էին դնում: Եւ էլի մի բաժակ խմվում էր՝ քոլատանձի արաղը:
Երկու եղբայրներով նրանք ոչ այն է՝ սեղանակից, ոչ այն է՝ մոր եւ քույրերի օգնական էին անցած վաղ գարնան այդ երեկո՝ Սասունն ու Դավիթը: Հունվարի 25-ին Սասունը լուռ ու գլխահակ էր: Աչքերը՝ կարմրած: Ամռանը բանակային ծառայության էր անցել՝ Ջեբրայիլ: Մինչեւ կհարմարվեր՝ պատերազմը պայթեց: Հոր հետ վերջին անգամ կապի դուրս է եկել հոկտեմբերի 11-ին: Ու՝ վերջ:
Հայաստանի պետական դրոշով ծածկված դագաղ, պապի, տատի, մեծ տատուպապի հուշաքարերի կողքին՝ թարմ շիրմափոս: Հոգեւորականի կարճ խոսք: Պատվո պահակախմբի հրաժեշտի համազարկ: Այս մեծ աշխարհում Դավիթ Ղազարյանի երկրային կյանքը ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս է կտրվել՝ անհայտ է: Որ ավելի սպանիչ եւ վիրավորական է, քան ինքնին զինվորի զոհվելու փաստը: Բայց որ երկրի իշխանության ոչ մի ներկայացուցիչ հրաժեշտի այդ լուռումունջ արարողությանը չկա՝ ահավոր է:
Յո՞ երթաս, տղա:
Ես քո հորը մխիթարանքի կամ գոտեպնդման բառ չեմ գտնում՝ ասեմ: Անխոս գրկում եմ եւ ինձ է փոխանցվում նրա հաղթ մարմնի ամենավերջին մկանի, նյարդաթելի պրկված թրթռոցը, որ կոտորակող լաց էր լինելու, եթե ինքնատիրապետումը կորցներ: Մենք լուռ հասկանու՞մ ենք իրար: Չգիտեմ: Անբարո է, երբ մի նժարին փորձում են որդեկորույս ծնողի ցավը, մյուսին՝ առհասարակ մարդկային, կամ՝ թեկուզ ազգային լքվածությունը դնել: Անհամեմատելի է: Որովհետեւ եթե ոչ վաղը, ապա հաստատ մյուսը օրը, մի տարի, երկու տարի անց մարդիկ, որոնք պատերազմում թանկ կորուստ չեն ունեցել, վերադառնալու են իրենց առօրյային (եթե արդեն չեն վերադարձել): Հին սերնդի սեղանագլուխ նստողներին փոխարինելու են երիտասարդները եւ դարձայլ նույն արարողակարգով առաջարկելու են՝ ի հիշատակ վասն հայրենյաց նահատակվածների:
Կյանք է, մարդիկ՝ հաշվենկատ եւ օգտապաշտ: Իսկ որդեկորույս հայրերի ուսերն այլեւս չեն շտկվելու: Մայրերի աչքը չի ցամաքելու: Քույր ու եղբայր ունենալու են իրենց բաժին մեծումանր ուրախությունները: Այստեղ կամ՝ աշխարհի որեւէ անկյունում: Հայրերն ու մայրերը չեն հեռանալու: Եւ մինչեւ վերջ օտարոտի են մնալու պատերազմից անվերք մնացածներին: Ով էլ որ նա լինի: Մարդու ամենաթանկն իրենից աշխարհ եկած զավակն է:
Ի՞նչ ասես: Ինչպե՞ս բացատրես: Բացատրության տրվու՞մ է, որ երեք ամիս ծառայած զինվորին թողնեն դժոխքի կրակներում: Հետո ապսպրեն, որ ծնողները ԴՆԹ փորձանմուշ պիտի հանձնեն: Երկու-երեք անգամ Երեւան կանչեն:
Յո՞ երթաս, տղա:
Այս ավերումների պատասխանատուն, այս փլուզումների մեղավորն ո՞վ է: Եւ եթե գյուղովի, հարեւան գյուղերից, Մարտակերտից, Ստեփանակերտից եկածների բազմությունը լուռ է, ապա միայն իր կորցրած զավակների հիշատակի հանդեպ հարգանքից: Իսկ առհասարակ նրանք բողոքավոր են: Հոգով-մտքով՝ ապստամբ: Ոչ մեկին չեն ընդունում արդեն: Ոչ մի հեղինակություն: Կարծես չեն էլ ուզում ինչ-որ անիմաստ բառեր լսել: Շփոթված են, շվարած: Կասկածավոր: Չգիտեմ:
Լուռ մոտենում՝ ձեռք են սեղմում, բայց առաջվա նման գոնե որպիսություն չեն հարցնում: Ոչ էլ «վերջն ի՞նչ է լինելու» են ասում եւ սպասում, որ սփոփիչ մի բան լսեն: Ոչինչ այլեւս հետաքրքիր չէ: Եւ ամենաահավորը դա է: Երբ պատվո պահակախմբի հրաժեշտի համազարակը ոչ մի զգացողություն չի փոխանցում: Եւ զինվորականներն արագ հեռանում են: Քահանան՝ նույնպես: Եւ 19-ը չբոլորած երեխա-զինվորի հուղարկավորության թափորի վրա երկինքը կարծես իջնում է կապարագույն կողկողանքի ծանրությամբ:
Կանայք գերեզմանատուն չեն եկել: Լինեին էլ, հազիվ թե ողբուկական անեին: Երեքուկես ամսվա վիշտը քարացել է: Քարե դառնություն: Քարե ընդվզում: Քարի համրություն: Եւ քարի հավիտենություն՝ որքան աստված հորնումորը կյանք է թողել առջեւում: Բայց թողել է որ ի՞նչ: Եւ իբր թե փրկվածներս ո՞վ ենք: Անհատների թվաբանական գումա՞ր, որ մերթ աճում, մերթ պակասում է: Գյուղական համա՞յնք: Հանրությու՞ն: Ժողովու՞րդ ենք, թե՞ խաղաղապահ առաքելության գոտու բնակչություն:
Յո երթա՞ս, տղա:
Ես անցած վաղ գարնան այն ջերմ երեկոյի քո ժպիտների լույսն առանց քեզ ինչպե՞ս պահեմ: Յո՞ երթաս, տղա…Պատասխան չկա: Պատասխանատու չկա: Նույնիսկ ներում խնդրող չկա: Երեւի ներում խնդրելու համար էլ մարդ երես պիտի ունենա: Ղարաբաղցու ասած՝ այդ երեսատեղն էլ չեն թողել:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։