ԱՄՆ նոր նախագահի ընտրվելն ու նոր կառավարության ձեւավորվելը կարեւոր հանգրվան են ԱՄՆ-Իրան հարաբերությունների համատեքստում։ Թեեւ Իրանի քաղաքական շրջանակներում ընդունված է անտարբերություն ցույց տալ ԱՄՆ ներքաղաքական խնդիրներին ու «անձերի փոփոխություններին», բայց հաշվի առնելով Թրամփի վարչակազմի ընդգծված հակաիրանական քայլերը՝ ԱՄՆ նախագահական վերջին ընտրությունները չափազանց կարեւոր նշանակություն ունեն նաեւ ԱՄՆ-Իրան հարաբերությունների ու Իրանի ապագա արտաքին քաղաքականության տեսանկյունից։
Ի տարբերություն Թրամփի վարչակազմի «առավելագույն ճնշում» (Maximum pressure) քաղաքականության՝ Բայդենը, ըստ նրա նախընտրական ծրագրի դրույթների ու վարչակազմի նշանակումների, խնդիրները համագործակցությամբ լուծելու կողմնակից է։ Իսկ սա միջուկային ծրագրին վերադառնալու եւ տնտեսական պատժամիջոցները վերանայելու հնարավորություն է։
Այս հարցերը չեն կարող չհուզել Իրանի քաղաքական վերնախավին։ Ու թեեւ երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, սովորության համաձայն, շեշտում է, որ «անձերի փոփոխությունից Ամերիկայի քաղաքականության բնույթը չի փոխվում», ու փոփոխության ակնկալիք էլ չունեն, բայց նախագահ Հասան Ռուհանին ու արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շեշտում են պահի կարեւորությունն ու երկու երկրների հարաբերություններում բեկում մտցնելու հնարավորությունը։
Սա նախեւառաջ կարող է նշանավորվել միջուկային համաձայնագրի վերագործարկմամբ։ 2015 թվականի հուլիսին կնքված այդ համաձայնագիրը՝ 5+1 ձեւաչափով (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ եւ Իրան), հնարավորություն էր տալիս մի կողմից միջազգային հանրության համար վերահսկելի ու թափանցիկ դարձնելու Իրանի միջուկային ծրագիրը՝ նրան միջուկային ռումբ ստեղծելու հնարավորությունից զրկելով, մյուս կողմից երաշխավորում էր Իրանի տնտեսության՝ միջազգային տնտեսական աշխարհին ինտեգրումը պատժամիջոցների աստիճանական վերացմամբ։
Պատմական անվանված այս պայմանագիրը մեծ հույսերի ու ծրագրերի նախանշման առիթ էր դարձել, բայց դրանք այդպես էլ խեղդվեցին սաղմնային վիճակում, երբ Թրամփի որոշմամբ 2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից ու հավելյալ պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ։
Իսկ պատժամիջոցները միայն քաղաքական լրահոսի հերթական նորություն չեն, դրանք իրանցիների համար նշանակում են անհրաժեշտ դեղորայքի ու պատվաստանյութի բացակայություն, ամենատարբեր ոլորտների անհրաժեշտ սարքավորումների այլընտրանքների փնտրտուք, բիզնեսի հնարավորությունների լուրջ սահմանափակումներ՝ բանկային գործարքների ու այլ դժվարությունների պատճառներով, կրթության հնարավորությունների սահմանափակումներ՝ անգամ առցանց ձեւաչափով կրթության (Coursera միջազգային առցանց կրթական հարթակում, օրինակ, Կոպենհագենի համալսարանի՝ ծագումով իրանցի դասախոսի դասաժամին հետաքրքիր քննարկման առիթ դարձավ այն փաստը, որ իր դասախոսությունը հասանելի չէ Իրանում նույն այդ պատժամիջոցների պատճառով), ֆիլմարտադրության մեջ անհրաժեշտ որակի ու տեսակի ժապավենների, այլ ռեսուրսների բացակայություն, երկրի ընդհանուր տնտեսական բարդ իրավիճակ, գործազրկություն, աղքատության չնվազող ցուցանիշներ եւ այլն։
ԱՄՆ-ի հնարավոր վերադարձը միջուկային ծրագրին, իհարկե, միայն առաջին քայլը կլինի երկու երկրների հարաբերությունների հետագա հնարավոր բարելավման տեսանկյունից։ Պատժամիջոցների անգամ ամբողջական վերացումը չի նշանակի, որ կհարթվեն բոլոր տարաձայնությունները, ու Իրանի փողոցներից կանհետանան «Մահ Ամերիկային» խորագրով հսկա ցուցանակներն ու ուրբաթօրյա աղոթքների՝ նույն ուղերձով նախերգանքները։
Երկու երկրների իշխանությունների ու հասարակությունների միջեւ երկուստեք չմարսված ու չներված բազում իրադարձություններ կան. իրանցիների համար, օրինակ, այսօր էլ՝ 70 տարի անց, նույնքան ցավոտ ու աններելի փաստ է ԱՄՆ-ի կողմից Իրանի վարչապետ Մոհամմադ Մոսադեղի կառավարության տապալումը ռազմական հեղաշրջմամբ։ Իսկ ԱՄՆ-ում, իհարկե, ի թիվս այլ փաստերի չեն մոռանում իսլամական հեղափոխությունից հետո Իրանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների գերեվարումը։
Այս իրադարձությունների վերաբերյալ քաղաքական գնահատականներ չեն տվել ու սեփական քայլերը չեն դատապարտել ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Իրանը։ Իրանի իշխանության ներկայացուցիչների համար անգամ պատվաբեր է համարվում կենսագրականում նշելը, որ մասնակցել են դեսպանատան գրավմանը։ Դեսպանատունը գրավողների թվում էր, օրինակ, նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, իսկ ԱՄՆ իշխանությունները թեեւ արխիվները բացել ու ընդունել են, որ գործուն մասնակցություն են ունեցել Մոսադեղին քաղաքական ասպարեզից հեռացնելու գործում, բայց այն դատապարտելի քայլ չեն համարում։ Այլ կերպ ասած՝ Never again-ի խոսույթի կարիք կա երկու երկրներում էլ՝ իրար հանդեպ վստահության ճգնաժամը հաղթահարելու համար։
Ասվածի ապացույց է նաեւ, օրինակ, Թրամփի՝ անցյալ տարի նշած 52 օբյեկտները ռմբակոծելու մտադրությունն ու դրանց թիվը ԱՄՆ-ի գերի ընկած դիվանագետների թվով պայմանավորելը՝ որպես վրեժ 40 տարի առաջ տեղի ունեցածի համար։
Պատմական երկուստեք վրեժի առիթներին այս ընթացքում, իհարկե, ավելացել են նաեւ նոր դիպվածներ՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ու միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունները, Իրանի՝ ԱՄՆ արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելն ու ամերիկացի դիվանագետների հանդեպ հնչող սպառնալիքները։
Միջազգային ծրագրի հնարավոր վերածնունդը ներքաղաքական նշանակություն կունենա նաեւ Իրանի առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում․ ներկա բարեփոխական կառավարության ներկայացուցիչները, որ այդ ծրագրի կյանքի կոչման գործուն մասնակիցներն ու ջատագովներն էին, առաջադրվելու ու հնարավոր հաղթանակի ավելի մեծ շանսեր կունենան։
Իրանում, ուրեմն, ուրախությամբ ճանապարհեցին Թրամփին՝ մամուլում նրա հեռացումը նշանավորելով Իրանի շահի հեռանալու հետ զուգահեռներ տանող «Թրամփը գնաց» խորագրերով, ու սպասում են գործուն քայլերի Բայդենից, թեեւ չեն մոռանում, որ «Ամերիկան Ամերիկա է», ու «Մահը»՝ դեռ ցուցանակներին, իսկ ուժեղացված զորքն էլ սահմանին են պահում։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։