ԱՄՆ Սենատը հաստատեց Էնթոնի Բլինքենի թեկնածությունը երկրի պետքարտուղարի պաշտոնում։
ԱՄՆ 71-րդ պետքարտուղարն իր դիվանագիտական ուղին սկսել է ԱՄՆ պետքարտուղարությունում 1993-ին:
Հարվարդի եւ Կոլումբիայի համալսարանների շրջանավարտ 58-ամյա Բլինքենը Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով երկարամյա խորհրդականն է։ Բարաք Օբամայի նախագահության օրոք նա նաեւ զբաղեցրել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնը։
Փորձառու դիվանագետը պատասխանատու էր Պակիստանի, Աֆղանստանի, Իրանի միջուկային ծրագրի հարցերով ամերիկյան քաղաքականության համար։
Անցած շաբաթ Սենատում իր թեկնածության հարցով լսումների ընթացքում Բլինքենը հավաստիացրել է, որ Բայդենի վարչակազմը լիովին պատրաստ է հակազդելու բռնապետական երկրների եւ նոր տեխնոլոգիաների սպառնալիքներին։
Բլինքենը վստահեցրել է, որ պետքարտուղարի պաշտոնում նոր լիցք կհաղորդի ղարաբաղյան խնդրի հարատեւ կարգավորում գտնելու ԱՄՆ ջանքերին, նշելով, որ լուծումը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անվտանգությունը եւ բացառի նոր պատերազմի բռնկումը:
Դիվանագետը հայտարարել է նաեւ, որ Բայդենի վարչակազմը մտադիր է վերանայել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան անվտանգային աջակցությունը։