ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ ուժի կիրառման արդյունքները չեն կարող հիմք ստեղծել տեւական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:
«Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում»,- ընդգծել է նախարարը:
Արա Այվազյանը կարեւորել է Իրանի դերը տարածաշրջանում, ընդգծելով, որ Հայաստանը հարգում է անմիջական հարեւանների հետ հարաբերություններ կառուցելու՝ Իրանի մոտեցումները: