ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) հրապարակել է Վրաստանում դեկտեմբերին անցկացրած հերթական սոցհարցման արդյունքները, որն համաճարակի պատճառով արվել է հեռախոսով: Պատահականության սկզբունքով ընտրվել է 2053 հարցվող:
Հարցին, թե «որ կուսակցության մոտեցումներն են համընկնում ձեր տեսակետներին», 31 տոկոսը տվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության անունը, 5 տոկոսն՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման»: Ընդդիմադիր մյուս վեց կուսակցություններին միասին հավանության է արժանացրել հարցվողների 9 տոկոսը։ 24 տոկոսը խուսափել է պատասխանելուց, իսկ 25-ը չի նշել որեւէ կուսացություն:
«NDI-ի այս հետազոտության արդյունքները ընդդիմությանը մտածելու տեղիք են տալիս»,- մեկնաբանել է «Ժողովրդի համար» շարժման առաջնորդ Աննա Դոլիձեն։
«Ընդդիմությունը պետք է մտածի, թե ինչ գործոնով է պայմանավորված, որ մարդիկ պատժում են իրեն եւ դժգոհ են։ Նույնիսկ բոյկոտելու դեպքում [խորհրդարանի աշխատանքը]մարդկանց օժանդակություն է պետք, աջակից, որը կզբաղվի իրենց սոցիալական խնդիրների լուծմամբ»,-ասել է Դոլիձեն՝ հավելելով, որ հետընտրական իրադարձությունների խորապատկերում ժողովուրդն անուշադրության է մատնվել: