Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ուկրաինայի գերագույն ռադայի օրակարգ է մտցվել մի նախագիծ, որի համաձայն Ուկրաինայում կընդունվի երկքաղաքացիություն:
Նախագծի հաստատվելու դեպքում «ագրեսոր-երկրի» (Ռուսաստանի Դաշնության) անձնագիր ունեցողների իրավուքները կսահմանափակվեն:
Խոհրդարանականների կարծիքով երկքաղաքացիությունը կնպաստի, որ ուկրաինացիները հաղորդակից լինեն երկրի ներքին խնդիրներին, օտարերկրյա քաղաքացիությունը պահպանելով հանդերձ՝ միաժամանակ ակտիվորեն ներգրավվեն քաղաքական գործընթացներին:
Սակայն դա չի վերաբերվելու ռուսական անձնագիր ունեցող Ուկրաինայի երկքաղաքացիներին։ Օրինագծի բացատրական գրության համաձայն՝ վերոնշյալ քաղաքացիների ընտրական իրավունքները կսահմանափակվեն:
Սահմանափակումը կամ արգելքը ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, մինչեւ Կիեւը օտարերկրյա պետության անվանումից հանի «ագրեսոր» եզրույթը կամ ճիշտ այն պահին, երբ ուկրաինացին կհրաժարվի ՌԴ քաղաքացիությունից:
2015-ի հունվարին Ուկրաինան Ռուսաստանին պաշտոնապես հռչակել է «ագրեսոր երկիր»: Կիեւը Մոսկվային բազմիցս մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու, Դոնբասում բախումներ հրահրելու, ինչպես նաեւ լրտեսության եւ կիբերհարձակումների համար:
Կրեմլը մեղադրանքներն անհիմն ու անընդունելի է համարում՝ շեշտելով, թե անկեղծորեն շահագրգռված է, որ Ուկրաինան շուտափույթ կերպով հաղթահարի տնտեսական եւ քաղաքական ճգնաժամը: