Ըստ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի՝ Լիսաբոնում գործող «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի Հայկական համայնքների բաժանմունքը Լիբանանի հայ կրթական կառույցներին աջակցելու ռազմավարություն է մշակել, որի շրջանակում Լիբանանի 17 հայկական վարժարաններին 700 համակարգչային սարք է նվիրել՝ 650 պլանշետ (tablet) եւ 50 համակարգիչ:
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ աշխարհում հեռավար ուսուցումը դարձել է կրթական գործունեության կարեւոր բաղադրիչը։ Դիմագրավելով տնտեսական շատ դժվարություններ՝ Լիբանանում հազարավոր աշակերտներ սարքեր չունենալու պատճառով չեն կարողանում լիարժեք հետեւել առցանց դասերի: Երկրի տնտեսական տագնապին գումարվել է նաեւ Բեյրութի նավահանգստի աղետը, որը հայ համայնքին զգալի վնասներ եւ նյութական կորուստներ է պատճառել:
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի Հայկական համայնքների բաժանմունքը նաեւ Լիբանանում արեւմտահայերենի պահպանմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ է իրականացնում: