Թբիլիսիի քաղաքային դատարանը վրաց-ադրբեջանական սահմանի «քարտեզագրման գործով» մեղադրյալներ Իվերի Մելաշվիլիին եւ Նատալյա Իլիչովային 20 հազարական լարի գրավի դիմաց ազատ է արձակել:
Մելաշվիլիի եւ Իլիչովայի աջակիցները քաղաքային դատարանի մոտ ցույց էին անցկացնում, իսկ ավելի ուշ սոցցանցերում կազմակերպած դրամահավաքով հավաքեցին մեղադրյալների համար նշանակված գրավի գումարը:
Վրաստանի դատախազությունը երկրի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի նախկին անդամներ Մելաշվիլիին եւ Իլիչովային ձերբակալել էր 2020 թվականի հոկտեմբերի 7-ին:
Քարտեզագետներն առ այսօր չեն ընդունում իրենց մեղքը եւ համոզված են, որ տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ ունի:
Վրաց-ադրբեջանական սահմանի՝ Դավեթ Գարեջիի վանական համալիրի տարածքում սահմանազատման հարցը մինչ օրս լուծված չէ. ըստ քարտեզագրման՝ վանական համալիրի որոշակի հատված մնում է Ադրբեջանի տարածքում:
Սոցցանցերի վրացական տիրույթում Մելիաշվիլիի եւ Իլիչովայի գործը ակտիվ քննարկման թեմա է։ Որոշ մարդիկ մեղադրում են նրանց եւ աջակիցներին, որ կողմ են վանական համալիրի «վրացական հողն» Ադրբեջանին զիջելուն:
Ինքը՝ Մելիաշվիլին, դեռ հոկտեմբերին տված հարցազրույցում նշել էր, որ վիճելի տարածքը Ադրբեջանի մաս է:
Դեռ անցած տարի՝ քարտեզագետների ձերբակալությունից անմիջապես հետո, ընդդիմադիր կուսակցություններն ու գործիչները պնդում էին, որ նրանք քաղբանտարկյալներ են, եւ պահանջում էին ազատ արձակել, այդ թվում նաեւ դեսպանների միջնորդությամբ: Ըստ ընդդիմադիրների՝ նրանց կալանքի տակ պահելն իշխող «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի մաս էր եւ խորհրդարանական ընտրություններում դիրքերը բարելավելու նպատակ ուներ, քանի որ քարտեզագրումը սկսվել էր Սահակաշվիլիի կառավարման շրջանում։ Այսինքն՝ նախկին իշխանություններին քննադատելու եւս մեկ միջոց էր:
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։