Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում շքեղ առանձնատան կադաստրային արժեքը 310 մլն դրամ էր, մեկ տարվա գույքահարկը՝ 2,8 մլն դրամ։ Անցած տարի՝ անշարժ գույքի գնահատման կարգի եւ գույքահարկի մասին օրենքում փոփոխություններից հետո, այս առանձնատան կադաստրային արժեքը բարձրացել է 6 անգամ՝ հասնելով մոտ 2 մլրդ դրամի կամ 4 մլն դոլարի, եւ տարեկան գույքահարկը դարձել է 38 մլն դրամ։ Այսինքն՝ Հ. Աբրահամյանն իր շքեղ առանձնատան համար ամեն տարի կվճարի այնքան գումար, որով հնարավոր է բազմաբնակարան շենքում բնակարան գնել։
Հեղափոխությունից անմիջապես հետո Հայաստանի գործող իշխանությունները որոշում ընդունեցին անշարժ գույքի կադաստրային արժեքը մոտարկել՝ հնարավորինս մոտեցնել շուկայական արժեքին, ըստ այդմ գանձել ավելի բարձր գույքահարկ։
Փոփոխություններն ուժի մեջ մտան հունվարի 1-ից, բայց կներդրվեն աստիճանաբար։ Անշարժ գույքի համար այս տարի կգանձվի նոր հաշվարկված գույքահարկի 25 տոկոսը, հաջորդ երկու տարիներին՝ 30-35 տոկոսը, 2024-ին՝ 50 տոկոսը, 2025-ին՝ 75 տոկոսը: Սահմանված գույքահարկի 100 տոկոսը կվճարվի 2026 թվականից։
Հայաստանում անշարժ գույքի կադաստրային արժեքը եւ հարկման բազան սահմանվել են դեռեւս 90-ականներին։ Օրինակ՝ 1994 թվականի գներով Երեւանի կենտրոնում՝ առաջին գոտում, ասենք՝ Թումանյան-Աբովյան խաչմերուկի հարակից տարածքում, 1 քմ հողը գնահատված է եղել 2580 դրամ։ Հայտնի է, որ այդ հատվածում 1 քմ հողի շուկայական արժեքը մի քանի հազար դոլար է։ Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ դրա կադաստրային արժեքը եւ հարկման բազան, որից պետք է գույքահարկը հաշվարկվի, բարձրացել է մինչեւ մի քանի հարյուր հազար դրամ։
Բացի այդ՝ մինչեւ այս տարի Հայաստանում կար 500 հազար գույք, որոնց համար գույքահարկ չի վճարվել ցածր գնի պատճառով. եղել է չհարկվող շեմի հասկացողությունը, այս փոփոխություններով գույքահարկի դրույքաչափը կբարձրանա, եւ չհարկվող շեմ չի լինի:
Օրինակ՝ Նալբանդյան փողոցի նորակառույց շենքի 75 քմ բնակարանի տարեկան գույքահարկը մինչ այս տարի եղել է 25 հազար դրամ, փոփոխություններից հետո դարձել է 71 հազար դրամ. այս տարի կվճարվի 18 հազար դրամը, 2026 թվականին՝ հարկն ամբողջությամբ։ Կամ Քանաքեռ-Զեյթուն համայնքում Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկի՝ նախկին ուսանողական հանրակացարանի 17 քմ տարածք ունեցող բնակարանի կադաստրային արժեքը եղել է մոտ 1 մլն դրամ, փոփոխություններից հետո դարձել է 4,9 մլն դրամ, որն արդեն մոտ է շուկայական արժեքին. շենքում բնակարանները վաճառվում են 3,5-6 մլն դրամով։ Շենքում բնակարանները չեն հարկվել ցածր գնի պատճառով։ Այս տարի այդ բնակարանը կհարկվի մասամբ՝ 620 դրամով, իսկ 2026 թվականին կվճարվի բնակարանի ամբողջական գույքահարկը՝ 2 476 դրամ։
Այսինքն՝ ցածր եւ միջին խավի համար գույքահարկը չի բարձրանա այնքան, որ անհնար լինի վճարել։
Կադաստրային արժեքի ու դրանից բխող գույքահարկի ցածր լինելու մասին խոսակցություններ եղել են վերջին 10-15 տարիներին։ Իսկ 2016 թվականին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնեց կադաստրային արժեքը շուկայականին մոտեցնելու եւ գույքահարկը բարձրացնելու փոփոխությունների մշակման գործընթացը, բայց ավարտին չհասցրեց։
Դա ձեռնտու չէր լինի նաեւ անձամբ իրեն։ Հ․ Աբրահամյանի տան հարեւանությամբ նրա շքեղ առանձնատունը կադաստրային ամենաբարձր արժեքն ունեցող տների առաջին տասնյակում էր՝ 330 մլն դրամ, գրանցված էր եղբոր՝ Վլադիմիր Կարապետյանի անունով, եւ վճարվում էր 3 մլն դրամ տարեկան գույքահարկ։
Երեւանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող առանձնատունը պատկանում էր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանին՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբորը. կադաստրային արժեքը 428 մլն դրամ էր, իսկ տարեկան գույքահարկը՝ 4 մլն դրամ: Երկրորդ ամենաթանկ տունը գրանցված է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կնոջ՝ Նունե Նիկոլյանի անունով: Առանձնատան կադաստրային արժեքը 398 մլն դրամ էր, տարեկան գույքահարկը՝ 3 մլն 714 հազար դրամ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտնի տունը՝ Առինջ գյուղում, արժեր 534 մլն դրամ, գույքահարկը՝ 5 մլն դրամ: Այդպես հարյուրավոր նման շքեղ առանձնատների ու բնակարանների կադաստրային արժեքը հաշվարկվել էր շուկայականից բազմակի անգամներ ցածր՝ հավանաբար գույքահարկ վճարելուց խուսափելու նպատակով։ Բայց արդեն այս տարվանից այդ շքեղ առանձնատների կադաստրային արժեքը նույնպես կբարձրանա, ու կվճարվի բազմակի անգամներ բարձր՝ 30, 38, 40, 50 մլն դրամ գույքահարկ, այսպես ասած՝ շքեղության հարկ։
Նաեւ նշենք, որ իշխանություններն այս փոփոխությունները նախաձեռնելիս հայտարարել են, որ եթե սեփականատերերն ի վիճակի չլինեն վճարելու իրենց բնակարանների գույքահարկը, համայնքապետարանները նրանց համար զեղչեր կսահմանեն։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։