«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայութունը հայտնել է, որ վերջին 20 տարում ռուսաստանյան իշխանությունները պետբյուջեից 609 միլիարդ դոլար են ծախսել այլ երկրներում բարեկամական ռեժիմներին աջակցելու, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական նախագծերի համար: Շուրջ տրիլիոն դոլար է փոխանցվել օֆշորային հաշիվներին:
Դրա մասին գրել է «Նովայա գազետա»-ն՝ հղում անելով ռուսաստանյան պաշտոնյաներին եւ բաց աղբյուրներին:
Այդ գումարից 109 միլարդ դոլարը հատկացվել է Բելառուսի աջակցության, 103 միլիարդ՝ Ուկրաինայի օգնության (մինչեւ 2014-ի «նարնջագույն հեղափոխությանը»), 32 միլիարդ դոլար էլ՝ զանազան՝ միջազգայնորեն չճանաչված հանրապետություններին օժանդակելու նպատակով:
Ռուսաստանյան իշխանությունները 224 միլարդ դոլար են ծախսել զանազան էներգետիկ ՝ «Հյուսիսային հոսք-2», «Թուրքական հոսք» եւ այլ նախագծերի համար: «Նովայա գազետա»-ի հարցմանը պատասխանած փորձագետների կարծիքով՝ այդ ծախսերը հազիվ թե ծածկվեն, քանի որ «քաղաքական դրդապատճառներից են բխում», իսկ միջոցների մեծ մասը մտել է դրանք իրականացնող կապալառուների գրպանը:
Կրեմլը հերքում է մեղադրանքներն, ըստ որոնց «Հյուսիսային հոսք-2»-ի միջոցով ձգտում է քաղաքական ազդեցություն հաստատել ԵՄ-ի վրա՝ գազամուղը որակելով սոսկ որպես տնտեսական նախագիծ:
Դրանից բացի վերջին 20 տարում Ռուսաստանը ներել է 116 միլիարդ դոլարի պարտք, որից 20 միլիարդը՝ աֆրիկյան երկրներին, 12 միլիարդը՝ Իրանին, 11 միլիարդը՝ Հյուսիսային Կորեային:
«Նովայա գազետա»-ի լրագրողները հաշվել են, որ 20 տարվա ընթացքում ծախսված այդ միջոցների փոխարեն ռուսաստանյան իշխանությունները կարող էին կառուցել 15 հազար նոր հիվանդանոց կամ յուրաքանչյուր տարեց մարդու կուտակային հաշվին փոխանցել 400 հազար ռուբլի: