Լիբանանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Տրիպոլիում, չորրորդ օրն է՝ անհնազանդության ցույցեր են։ Արդեն մեկ զոհ կա եւ հարյուրավոր վիրավորներ: Ցուցարարները գիշերը հրկիզել են Լիբանանի հնագույն քաղաքի քաղաքապետարանը, որ կառուցվել է անցյալ դարասկզբին օսմանյան ճարտարապետական ոճով: Տրիպոլիի պատմությունը հասնում է մինչեւ Փյունիկյան համադաշնություն՝ Տյուրոս, Սիդոն եւ Արվադ քաղաքներով, որտեղից էլ ծագել է բնակավայրի անվանումը՝ Տրիպոլի (եռակի քաղաք): Հետագայում այստեղ հաջորդաբար իշխել են պարսիկները, հին հռոմեացիները, արաբները, խաչակիրները, մամլուքները, թուրքերը:
Տրիպոլիում հին են նաեւ հայկական հետքերը: Առաջին հայերը, որ 1915-ին Լիբանան են գաղթել, հիմնավորվել են այստեղ, քաղաքում մինչ այդ եղել են նաեւ հնաբնակ հայեր: Տրիպոլիում են հաստատվել հայ մեծանուն նկարիչ Հարություն Կալենցի (Հարմանդյան) ավագ եղբայրները, որոնց մոտ 1927-ին տեղափոխվել է Կալենցը, այստեղ նրանք հիմնել են «Հարմանդ» արվեստի եւ լուսանկարչական արվեստանոցը: Տրիպոլիում Կալենցը ստեղծել է նկարների մի քանի շարք:
Հնաբնակ Հարմանդյաններից դեռեւս ընտանիքներ են ապրում այստեղ: Հարություն Կալենցի եղբորորդին՝ Տրիպոլիի Ազգային Նուբարյան-Խրիմյան հայկական վարժարանի տնօրեն Վաչե Հարմանդյանը, ցույցերի մասին մանրամասներ պատմեց «Ալիք մեդիա»-ին:
«Ցույցերը սկսվեցին իբրեւ բողոք համընդհանուր «լոքդաունի» դեմ, որը կառավարությունը սահմանել է կորոնավիրուսի պատճառով: Քաղաքի աղքատ բնակչությունը, որ օրավարձով է ապրում, փողոց դուրս եկավ՝ բողոքելու սահմանափակումների դեմ, քանի որ չաշխատելով նրանք զրկվում են օրվա հացից: Բայց դա, իհարկե, ցույցերի արտաքին շղարշն է, բոլորս շատ լավ գիտենք, որ դրանք հրահրում են տարածաշրջանային երկրները, նրանք աղքատ խավին օգտագործում են իրենց քաղաքական շահերի համար: Տարածաշրջանային պետությունները թափանցել են Տրիպոլի, եւ դա այլեւս գաղտնիք չէ: Նրանք իրենց ներկայացուցիչներն ունեն Տրիպոլիում, իբրեւ աղքատ բնակիչների քաղաք՝ այստեղ խժդժություններ հրահրելը շատ հեշտ է: Մյուս կողմից Տրիպոլիում նաեւ շատ հարուստներ են բնակվում. ծովափնյա քաղաք է, քաղաքական, գործարար վերնախավի շատ ներկայացուցիչներ տներ ունեն այստեղ, բայց նրանք բնակչությանը չեն օգնում, ահա ինչու արտաքին ուժերը կարողանում են իրենց կողմը գրավել բնակչությանը: Երեկ ցուցարարները հարձակվել են նաեւ պատգամավորների, նախկին վարչապետի տների վրա:
Ինչ վերաբերում է արտաքին ազդեցություններին, առաջինը թուրքական ուժերն են, որ ուզում են գրավել քաղաքը։ Տրիպոլին ժամանակին Օսմանյան կայսրության տիրապետության տակ է եղել, եւ այստեղի բնակիչներն էլ հիմնականում այդ ժամանակաշրջանից մնացածներն են:
Երկրի ապահովական ուժերն ամեն կերպ փորձում են զսպել ցուցարարների գործողությունները, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե Լիբանանի պետությունն ինչ կորոշի: Օրինակ՝ երեկ կարող էին կանխել, որ քաղաքապետարանի պատմական շենքը չայրեն, բայց ոչինչ չարվեց: Երկրում նաեւ քաղաքական ծանր վիճակ է, եւ ամեն կուսակցություն մի թելով կապված է տարածաշրջանային պետությունների հետ: Ցերեկը խաղաղ է լինում, ցույցերը սկսվում են օրվա վերջում, հավաքվում են «Նուր» հրապարակում, իրենց հռչակում են հեղափոխական գաղափարներ տարածողներ, գործողություններ են անում, ու բախումներ են սկսվում:
Առհասարակ Լիբանանում ինչքան քաղաքական թեժացումներ են լինում, Տրիպոլիից են սկսվում, մենք սովոր ենք, բայց այս անգամ վիճակը շատ լուրջ է, վտանգավոր է դառնում: Մի բան միայն լավ է, որ խնդիրը կրոնական չէ, հայերը վտանգված չեն, մենք բոլորի հետ կապի մեջ ենք, հայությունը քաղաքի հարգված համայնքներից է: Քաղաքի բնակիչները հիմնականում սուննիներ են, Տրիպոլին Լիբանանի սուննի իսլամ համայնքի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է, քրիստոնյաները շատ քիչ են այստեղ: Մենք կարողացանք հասնել նրան, որ Տրիպոլիի արվարձաններից մեկում՝ Մինայում, «Արմինըն» անունով փողոց կոչեցինք, դա այն շրջանն է, որտեղ առաջին հայերը ոտք դրեցին Եղեռնից հետո եւ երկար տարիներ ապրել են»:
Տրիպոլիում այսօր 125 հայ ընտանիք է բնակվում: Ըստ Վաչե Հարմանդյանի՝ բոլորը հնաբնակներ են:
«Այստեղ հայ նոր բնակիչներ չկան, անկարելի է, որ մեկը ուզենա գալ այստեղ հիմնավորվելու, ընդհակառակը, ով էլ հնարավորություն ունի, հեռանում է. ժամանակի ընթացքում շատ հայեր են գնացել այստեղից: Բայց մենք ամեն գնով պահում ենք ազգային կառույցները՝ հայկական դպրոցը, եկեղեցին, ակումբը: Ազգային Նուբարյան-Խրիմյան հայկական վարժարանը 130 աշակերտ ունի, համաճարակի պատճառով դասերը հեռավար են: Ժամանակին Տրիպոլիում երկու հայկական դպրոց է գործել. 1919-ին Մինա արվարձանում՝ Նուբարյան դպրոցը, 1926-ին՝ Տրիպոլիի քաղաքային հատվածում՝ Խրիմյանը: 1962-ին այս երկու դպրոցները միավորվեցին, եւ հիմնվեց այսօրվա Նուբարյան-Խրիմյան վարժարանը:
Դպրոցը եւ ակումբն այս օրերին դարձել են քաղաքի հայ երիտասարդության հավաքատեղիները, որտեղից համակարգվում են Տրիպոլիի հայ ծերերին ու աղքատներին օգնություն հասցնելու աշխատանքները: Կորոնավիրուսը ծայրաստիճան տարածված է քաղաքում, բնակիչները անտարբեր են հակահամաճարակային կանոնների հանդեպ, մենք այս պայմաններում մեր հայ կարիքավորներին մենակ չենք թողնում, ամեն ինչ հասցնում ենք նրանց»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։