Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բրիտանական «Guardian» պարբերականին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել կողմնորոշվել դաշնակիցների հարցում՝ հավելելով, որ թագավորությունը չի կարող միաժամանակ սերտ հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ եւ դառնալ «նոր Սինգապուր»:
«Կիսով չափ հղի լինելու ջանքն անիրականանալի հայեցակարգ է»,- նկատել է Ֆրանսիայի նախագահը:
«Եթե Լոնդոնը որոշի հակվել դեպի Հյուսիսատլանտյան քաղաքականություն, ուրեմն ստիպված կլինի բացատրություններ տալ ԵՄ-ին, քանի որ տարաձայնություններ են ծագում շուկայի կանոնների ու շուկա մուտք գործելու հնարավորության հարցում»:
Ֆրանսիայի առաջնորդը նաեւ ասել է, որ հաճախ անարդարացիորեն իր վրա են բարդում Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի հետ տարաձայնությունների մեղքը:
«Ամեն անգամ, երբ ԵՄ-ի հետ խնդիրներ են առաջանում, բրիտանացիք հաճույքով սկսում են ատել ֆրանսիացիներին ու ինձ՝ ամբողջ պատասխանատվությունը մեզ վրա բարդելով: Ինչ խոսք, ես ակամա ստանձնել եմ այդ դերը: Երբեմն լարվածություն առաջանալիս հարցնում եմ՝ լավ, ինչո՞ւ հենց ե՛ս: Որովհետեւ երեւի ինձ ավելի են կարեւորում, քան իրականում եմ»,- կատակի է տվել Մակրոնը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան հունվարի 1-ին ավարտեցին «Brexit»-ի (Եվրոպական միությունից Միացյալ Թագավորության անջատման գործընթացի) անցումային փուլը: Մեծ Բրիտանիան 47 տարվա անդամությունից եւ «Brexit»-ի վերաբերյալ հանրաքվեից (51,9 % կողմ) չորս տարի անց լքեց ԵՄ-ն:
ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի միջեւ դժվարին բանակցություններից հետո կողմերը շարունակում են առեւտուրն առանց մաքսատուրքի եւ քվոտայի՝ ներմուծման կամ արտահանման քանակական սահմանափակումների: