Վիեննայի օդանավակայանում բռնագրավել են մի քանի տասնյակ հազվագյուտ տեսակի եւ տարբեր տարիքի քամելեոններ: Բոլորին հանձնել են Ավստրիայի մայրաքաղաքի Շենբրուն կենդանաբանական այգի, որտեղ նրանց զննել են անասնաբույժները:
Օդանավակայանի անվտանգության ծառայությունը քամելեոններին հայտնաբերել է Տանզանիայից ժամանած ուղեւորի կասկածելի բեռը լուսադիտելիս:
Ուղեւորը 74 քամելեոն փորձել էր թաքցնել կիսագուլպաներում եւ պաղպաղակի դատարկ տուփերում:
Սեւ շուկայում վաճառելու դեպքում (քանի որ պաշտպանության տակ գտնվող հազվագյուտ տեսակների առքն ու վաճառքը թույլատրված չէ) մաքսանենգը դրանց համար կարող էր ստանալ շուրջ 40 հազար եվրո:
Ուղեբեռի տերը ձերբակալված է: Նրա անունը չի հրապարակվել:
Ավստրիայի ֆինանսական ոստիկանությունը զգուշացրել է, որ նման զանցանքի համար նախատեսված է շուրջ 6000 եվրո տուգանք:
«Իհարկե, քամելեոնները կոմուֆլյաժի վարպետ են, սակայն ռենտգենին խաբելն անհնար է»,- հայտարարել է օդանավակայանի ոստիկանությունը:
Կենդանաբանների վկայությամբ քամելեոններին բռնել են Ուսամբարա լեռնազանգվածում՝ Տանզանիայի անձրեւոտ եւ խոնավ շրջանում:
Ցավոք քամելեոններից երեքը չեն դիմացել ճամփորդական փորձությանը: Մյուս առանձնյակներն իրենց հիանալի են զգում: