«Առավոտյան Ֆեյսբուքում լուրերը թերթելիս իմացա, որ պատերազմ է սկսվել: Միանգամից որոշեցի, որ կամավորագրվելու եմ»,- պատմում է Արցախյան երրորդ պատերազմի մասնակից Տիգրան Ղազարյանը: Քսանչորսամյա տղան Երեւանից է, սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի «Արտակարգ իրավիճակներ» բաժնում:
Տիգրանը քառօրյա պատերազմի օրերին ժամկետային զինծառայող էր: Ծառայել է Մատաղիսում որպես հրետանավոր: «Երբ քառօրյա պատերազմի օրերին կամավորական խմբեր եկան մեզ օգնության, շատ ոգեւորվեցինք, հիմա էլ գիտեի, որ տղերքն ունեն մեր օգնության կարիքը»,- ասում է Տիգրանը:
Ծնողները դեմ են եղել նրա մեկնելուն: «Ես մեր ընտանիքի միակ տղան եմ, քույրերս ամուսնացած են, դե, չէին ուզում, որ գնամ, բայց ես հստակ որոշել էի: Ասացի, որ կգնամ ու երկու օրից կվերադառնամ. մտածում էի՝ էլի քառօրյա պատերազմ է լինելու, ընդամենը չորս օր է տեւելու»:
Տիգրանը պատերազմ մեկնել է սեպտեմբերի 29-ին: Կռվել է Մարտակերտում որպես հրետանավոր: Այս անգամ ամեն ինչ այլ էր, նման չէր նախորդ պատերազմին: «Հպարտության ու ոգեւորության զգացումով մեկնեցի պատերազմի դաշտ: Վստահ էի, որ հաղթելու ենք, բայց ինձ այնտեղ ավելի մեծ բան էր սպասում, քան ես էի պատկերացնում: Մեկնելու հաջորդ օրը մեզ համազգեստ տվեցին, ու սկսվեցին ռազմական գործողությունները: Մեր մարտական ոգին շատ բարձր էր: Թշնամուն շատ մեծ վնասներ էինք հասցնում, համառորեն պայքարում էինք: Զարմանում էին, թե ոնց ենք կարողանում այդքան արագ հարվածներ հասցնել, թշնամու այդքան տեխնիկա խոցել»:
Տիգրանին ու նրա մի քանի ընկերներին պայքարել հաջողվել է մինչեւ հոկտեմբերի 26-ը. այդ օրը վիրավորվել են ու տեղափոխվել, այդ ընթացքում շատ ընկերների էլ կորցրել են: «Երեքից չորս ժամ հրդեհվող վայրում ենք եղել: Հույս չունեինք, որ կհաջողվի դուրս գալ այդտեղից, բայց Աստծո օգնությամբ մի կերպ դուրս եկանք խրամատից ու վազեցինք դեպի տների կողմը: Լվացվեցինք, մի քիչ թարմացանք, այդ ընթացքում թշնամու անօդաչուն մեզ նկատել էր, «Գրադ»-ից հարվածեցին: Հիմա ողնաշարի խնդիր ունեմ ու հիվանդանոցում եմ, բուժվում եմ»,- պատմում է Տիգրանը:
Տիգրանի ընկերը՝ քսաներկուամյա Ռաֆայել Պետրոսյանն էլ է վիրավորվել. ձեռքն է վնասվել, որովայնի շրջանում էլ վնասվածքներ ունի: Ռաֆայելն էլ է կամավոր մեկնել պատերազմ, ու հենց ռազմի դաշտ մեկնելիս են նրանք ծանոթացել ու ընկերացել: Հիմա էլ միասին բուժվում են: «Ես վստահ էի, որ հաղթելու ենք: Ափսոս, որ այսպես ստացվեց: Բայց եթե կարիք լինի, պատրաստ ենք գնալու ու մեր հայրենիքը պաշտպանելու»,- ասում է Ռաֆայելը:
Սահման ուղարկված նամակներից ու քաղցրավենիքից կամավորական ընկերներին էլ է բաժին հասել: Ասում են՝ դրանք շատ ուրախացնում ու ոգեւորում էին:
Տղաները պատմում են, որ երբ իմացան՝ պատերազմն ավարտվում է, առաջին միտքն այն էր, որ էլ զոհեր չեն լինի, բայց մյուս կողմից մտածում էին, որ այդքան հերոսների արյամբ ներկված հողերը թշնամին է վայելելու: Հավատացնում են՝ մեր հերոսները չեն պարտվել, մեր պարտության պատճառը մեր դավաճաններն էին: