«Բայդենի ընտրվելուց հետո հսկայական ծավալի հոդվածներ ու վերլուծություններ հայտնվեցին՝ Չինաստանի նկատմամբ նրա մտադրությունների մասին, բայց պաշտոնի ստանձմանը նախորդող չորս տարիների ընթացքում Բայդենի ուշադրության կենտրոնում եղել է Ռուսաստանը՝ ավտորիտարիզմի դեմ պայքարի տեսակետից»,-գրում է The Guardian բրիտանական պարբերականը։
Նախագահի պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի օր առաջ ռուսական այլախոհ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը լավ փորձություն էր Բայդենի համար, որը կարող է հակասության հանգեցնել իր երկու ամենամոտ դաշնակիցների՝ Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ:
Մերկելը հանդիպել էր Նավալնիին, որը թունավորումից հետո բուժում էր ստանում Գերմանիայի մայրաքաղաքում եւ Վլադիմիր Պուտինի կողմից որակվել էր որպես «Բեռլինյան պացիենտ»: Հիմա նրա կառավարությունը կարող է զգալ անձնական պարտավորություն՝ հռետորաբանությունից անցնելու դեպի իրական օգնության: Պուտինի մերձավոր շրջապատը ԵՄ կողմից արդեն իսկ խիստ պատժամիջոցների է ենթարկվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի բռնաճնշումներին օժանդակելու եւ Նավալնիի թունավորման դեպքի հետ կապված, սակայն հետագա առանձին պատժամիջոցների հնարավորությունները սահմանափակ են:
Ըստ The Guardian-ի՝ եւրոպական պետությունների եւ Ռուսաստանի հարաբերություններում որոշիչը գազատարի շինարարությունն է։ Մինչդեռ Բայդենը խոստացել է ժողովրդավարության խթանումը դարձնել արտաքին քաղաքականության առաջնորդող սկզբունք եւ պահանջում է չեղարկել այդ նախագիծը։