Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն լրջագույն մտահոգության է հայտնել ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության եւ դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի)` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում որոշ նախագծեր իրականացնելու մտադրությունների առնչությամբ:
Նախարարությունն իր տարածած հաղորդագրությունում ընդգծում է, որ այդ ուժերի տեղափոխումը նշված տարածքներ, ինչպես նաեւ Արցախի դեմ զինված ագրեսիայի ժամանակ միջազգային ահաբեկիչների օգտագործումը ոչ միայն Արցախի ու Հարավային Կովկասի, այլեւ դրանց սահմաններից դուրս գտնվող տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության նույն շղթայի օղակներն են։
«Թուրքիայի եւ Ադրբեջանի այս քաղաքականությունն արժանի է ամենախիստ դատապարտման»,-ասված է հաղորդագրության մեջ: