«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մտադիր են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում սահմանել «անանուն աղբյուրներ» հասկացությունն ու լրատվամիջոցներին արգելել հղում անել դրանց:
ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում դրա մասին գրառման մեջ նշել է, որ այդպիսով կարգելվի «արտաքին ուժերի կողմից ղեկավարվող եւ ազգային անվտանգությանը սպառնացող անհայտ ծագմամբ աղբյուրների» փաստացի գովազդը:
Հովհաննիսյանն ընդգծել է, որ պետությունը պարտավոր է արգելել մեծ ռիսկեր պարունակող «տեղեկատվական մաքսանենգությունը»:
Նախագիծը նախատեսում է նաեւ լրատվամիջոցների կառավարման վրա ազդեցություն ունեցող անձանց բացահայտելու, ֆինանսական թափանցիկությունը ապահովելու միջոցներ:
«Վստահաբար, այս փոփոխություններն առաջին հերթին բխում են բարեխիղճ լրագրողների, խոսքի ազատության ջատագովների շահերից, եւ այս համատեքստում, ակնկալում եմ նրանց աջակցությունը լրատվական դաշտի առողջացմանն ուղղված համառ պայքարում»,-եզրափակել է պատգամավորը։