Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչեւը եւ Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող, պատգամավոր Զելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախորդ տարվա պատերազմն ահավոր մարդկային ողբերգություն էր: Մենք ողջունում ենք այն փաստը, որ իրավիճակը կայունացել է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, եւ որ, բացի ողբալի, բայց մեկուսացված միջադեպերից, հրադադարը պահպանվել է: Սակայն անհրաժեշտ է ավելին՝ շատ անհրաժեշտ հաշտեցման հասնելու համար:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական կարգավորման եւ տարածաշրջանի շուրջ ապագա իրավական կարգավիճակի հստակեցումը մնում է նույնքան անհրաժեշտ, որքան երբեւէ: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում հստակ վերահաստատել եւ պատրաստակամություն հայտնել՝ կրկին ներգրավվելու Մինսկի խմբի համանախագահների ղեկավարած գործընթացին՝ հիմնված հիմնական սկզբունքների վրա, արտացոլելով Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա:
Նոր ազդակի ժամանակաշրջանում, որոնք բերել է ԱՄՆ նոր վարչակազմը, մենք վճռականորեն կրկնում ենք Եվրոպական խորհրդարանի եւ Եվրոպական միության շարունակական աջակցությունն այս գործընթացին եւ սկզբունքներին:
Հրադադարի մասին համաձայնագրի ամբողջական իրականացումը անհրաժեշտ առաջին քայլն է եւ ցավալի է, որ ռազմագերիների փոխանակումը դեռ ամբողջությամբ չի իրականացվել: Մենք ողջունում ենք մարտական գործողությունների ավարտից հետո գերեվարված մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը եւ դիմում ենք Ադրբեջանին՝ մնացած գերիներին ազատելու համար, որպեսզի վստահությունը վերակառուցվի: Մենք նաեւ կողմերին ենք հորդորում վերը նշված նպատակների համար ապահովել միջազգային կազմակերպությունների լիովին անկաշկանդ մուտքը՝ մարդասիրական օգնությունն ու մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու համար: Այս խնդիրներն ընդգծում են բազմակողմ նոր ջանքերի անհրաժեշտությունը` հակամարտության կայուն լուծում գտնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է հայտարարության մեջ: