Փետրվարի 2-ին Arab News-ը հոդված է հրապարակել Ադրբեջանի Աղջաբադի շրջանի Քիյամեդինլի գյուղում տեղակայված թուրք-ռուսական դիտարկման կենտրոնի մասին եւ զրուցել ռուսական քաղաքականության հարցերով փորձագետ Այդին Սեզերի հետ։
Փորձագետի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս [հավանաբար նկատի ունի ԼՂԻՄ-ի սահմանները] դիտորդական կենտրոն բացելը չի նշանակում, որ տարածաշրջանում Թուրքիան քաղաքական լծակներ կունենա:
«Դա ծիծաղելի քայլ է՝ ուղղված ներքին սպառողին: Անկարան Կրեմլին ակամա նոր հնարավորություն է տվել ադրբեջանական տարածքներում մանեւրելու համար: Ըստ հրադադարի գործարքի Թուրքիան ընդգրկված չէ պաշտոնական որոշումներ կայացնող գործընթացում»,- ասել է Այդին Սեզերը:
Անդրադառնալով Թուրքիա-Հայաստան հնարավոր հարաբերություններին՝ Սեզերը կանխատեսել է, որ Անկարան գուցե փորձի խոսել Հայաստանի հետ, որպեսզի ակտիվ դերակատարություն ունենա Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության մեջ:
«Թուրք ղեկավարները կարող են որոշ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ՝ Բայդենի նոր վարչակազմին հաճոյանալու համար»- ասել է նա: