«Չնայած թվում է, որ թուրք-ռուսական համատեղ դիտարկման կենտրոնը Լեռնային Ղարաբաղում կարեւոր դեր չի ունենա, այնուամենայնիվ խորհրդանշական է այն փաստը, որ Ռուսաստանը Կովկասում հակամարտությունների լուծման գործում Թուրքիային վերջապես ընդունել է որպես տարածաշրջանային գործընկեր»,-Arab News-ին ասել է Մարմարայի համալսարանի Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների փորձագետ Էմրե Էրսենը:
Ըստ փորձագետի՝ Խորհրդային Միության փլուզումից հետո երկար տարիներ Մոսկվան չէր ողջունում տարածաշրջանում Թուրքիայի դերի ակտիվացումը:
Էրսենն ասում է, որ նոյեմբերի 10-ից հետո Կովկասում Ռուսաստանի քաղաքական լծակները զգալիորեն շատացել են։ Նա նկատի ունի հրադադարի համաձայնագիրը, որը ստորագրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թուրքիան անմասն էր համաձայնագրի պատրաստմանն ու ստորագրմանը, եւ դրանից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը Կովկասում շարունակում է պահպանել խաղի կանոններ սահմանողի իր կարգավիճակը։