Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Եվրախորհրդարանի էստոնացի պատգամավոր Յաակ Մադիսոնն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդը Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ իբրեւ ԱՄՆ-ի՝ վերջին 30 տարվա միակ նախագահը, որի օրոք ԱՄՆ-ը պատերազմ չի սանձազերծել:
«Բացի դրանից, Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Մերձավոր Արեւելքում ստորագրվել են մի շարք հաշտության համաձայնագրեր, որոնք նպաստել են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը»,- Facebook-ի իր էջում գրառում է արել Յաակ Մադիսոնը:
Դոնալդ Թրամփից զատ, Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներ են նաեւ նրա նախկին ավագ խորհրդատու Ջարեդ Քուշները եւ Սպիտակ տան մերձավորարեւելյան կարգավորման գծով հատուկ հանձնակատար Ավի Բերկովիցը։
Այս պատվին նրանք արժանացել են Իսրայելի եւ արաբական երկրների՝ ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի եւ Սուդանի միջեւ 2020-ի սեպտեմբերի 15-ի Աբրահամյան պայմանագրի կնքման գործում ունեցած ավանդի համար:
Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ Քուշներին եւ Բերկովիցին Նոբելյան մրցանակի առաջադրելու միտքը հուշել է Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր, Թրամփի իրավաբան Ալան Դերշովիցը, որն արաբա-իսրայելական խաղաղության պայմանագրի կնքման գործում կարեւորել էր նաեւ Իրայելում ԱՄՆ-ի նախկին դեսպան Դեյվիդ Ֆրիդմանին եւ ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան Ռոն Դերմերին:
Կանոնակարգի համաձայն, փետրվարից մինչեւ մարտ Նոբելյան կոմիտեն հանգամանորեն գնահատելու է թեկնածուներից յուրաքանչյուրի աշխատանքը, որից հետո հրապարակելու է առաջադրվածների վերջնական ցանկը: