Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը գրում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը նամակ է հղել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերին՝ պատասխաններ պահանջելով Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության՝ հունվարի 27-ին տարածած հաղորդագրության առնչությամբ:
Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ հանդիպմանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին՝ «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» առթիվ եւ հայտնել ԱՄՆ պատրաստակամությունը՝ մասնակցելու Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքների վերակառուցման աշխատանքներին:
Կոնգրեսականն ամերիկացի դիվանագետին հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի ակտիվ անդամ է եւ պետք է շահագրգռվածություն ունենա արցախյան հակամարտության այնպիսի կարգավորման հարցում, որը կապահովի Արցախի անվտանգությունն ու կբացառի պատերազմի վերսկսումը:
Շերմանը բարձր է գնահատել ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի արած հայտարարությունը, որում նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական վերջին գործողությունների առնչությամբ ԱՄՆ նոր ղեկավարությունը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնությունն ու անհրաժեշտության պարագայում կկասեցնի այն:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը նշել էր, որ անհրաժեշտ հանգամանքների պարագայում իրենք պատրաստ են աշխատել Կոնգրեսի եւ պաշտպանության նախարարության հետ՝ որոշելու օգնության անհրաժեշտ չափը, որը կբավարարի Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգային կարիքներին:
Շերմանը խիստ մտահոգիչ է համարել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի վերոնշյալ հայտարարությունները, նշելով, որ դրանք չեն համապատասխանում պետքարտուղար Բլինքենի՝ մինչեւ օրս արած հայտարարություններին: