Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ նախօրեին Ուհան համաճարակաբանության ինստիտուտ այցելած ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի առաջումը հետաքննող փորձագիտական խմբի անդամ, ռուսաստանցի փորձագետ Վլադիմիր Դեդկովը հայտարարել է, որ թեեւ որոշ նշաններ վկայում են, որ COVID-19 նոր կորոնավիրուսային վարակը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքից, այնուամենայնիվ դա չի նշանակում, որ վիրուսի օջախը հենց այնտեղ է:
Տարածված կարծիքի համաձայն՝ հենց Ուհանի համաճարակաբանության ինստիտուտի BSL-4 մեկուսացված լաբորատորիայում է արհեստականորեն ստեղծվել COVID-19 նոր կորոնավիրուսի հարուցիչը, կամ առնվազն, հենց այստեղ է դժբախտ հանգամանքների բերումով է 2019-ի դեկտեմբերին տեղի ունեցել դրա արտահոսքը եւ տարածվել ամբողջ աշխարհով՝ դառնալով միլիոնավոր մարդկանց վարակման եւ հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառը:
Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատանքի գծով փոխտնօրեն Դեդկովը պնդում է, որ Ուհանի ինստիտուտի լաբորատորիան, իր բարձր որակավորում ունեցող փորձառու անձնակազմով, բոլոր անհրաժեշտ պայմաններով ու տեխնիկական հնարավորություններով՝այն քիչ հավանական վայրերից է, որտեղից կարող էր տարածվել վիրուսը:
Վլադիմիր Դեդկովն ընդգծել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության իրենց խմբով ինստիտուտ այցելելուց հետո ինքը համոզվել է, որ լաբորատորիան գովեստի արժանի հաստատություն է, ու անհնար է պատկերացնել, որ այնտեղից կարող էր անփութորեն ինչ-որ արտահոսք լինել: