ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որը փոթորկել է լրատվական դաշտը։ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ որոշել են ինչ-որ սահմանափակումներ մտցնել, իրենց հիմնավորմամբ՝ ի շահ բարեխիղճ լրատվամիջոցների, իսկ իմ գնահատմամբ՝ ի շահ իրենց ու իրենց սիրելի առաջնորդին քննադատություններից ապահովագրելու։
Միանգամից ասեմ, որ նախագիծը միայն մի դրական բան ունի, այն էլ ժամանակին լրագրողական կազմակերպություններն են առաջարկել։ Խոսքը լրատվամիջոցների մասին տվյալներ ներկայացնելուն է վերաբերում։ Սակայն լրագրողական կազմակերպություններն այս առաջարկությունն արել են բոլորովին այլ նպատակով եւ այլ համատեքստում։ Իսկ ԻՔ-ական մտքի գիգանտները այն փորձել են ծառայացնել իրենց նեղ շահերին ու մնացած առաջարկություններով աբսուրդային փոփոխություններ են նախատեսել։ Եվ մենք հենց հիմա դա կապացուցենք։
Նախ, առաջարկության հեղինակները (մի կերպ եմ ինձ զսպում, որ չպիտակավորեմ) սահմանում են «անանուն աղբյուր» հասկացությունը։ Ահա այդ առաջարկը.
«անանուն աղբյուր՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»:
Հասկացա՞ք, հինգ պարոնների եւ մի տիկնոջ (հեղինակների գենդերային կազմն է այդպիսին, ես մեղավոր չեմ) համար աղբյուրներ կարող են լինել միայն համացանցում։ Այլ տեղ աղբյուրներ, այն էլ անանուն չկան ու չեն կարող լինել։ Եվ քանի որ հետագայում նախատեսում են արգելել հղումը նման աղբյուրներին, ապա ցույց տանք իրենց ձեւակերպածի անհեթեթությունը։
Ենթադրենք վաղը Ազգային ժողովի դիմացի մայթին հայտնվի այսպիսի մի գրություն.
«Գվիդոն + Զառնշան = Սեր» (ընդսմին, բոլորին հայտնի է, որ ե՛ւ Գվիդոնը, ե՛ւ Զառնշանը Ազգային ժողովի, ասեն՝ «ԻՔ» խմբակցության պատգամավոր են, հետեւաբար նրանց անձնական կյանքն էլ հանրային հետաքրքրություն ունի)։
Հնարավոր է, չէ՞։
Հայտնի չէ, թե ով է այս տեղեկության հեղինակը, տվյալ դեպքում տեղեկության տարածման միջոց հանդիսացող մայթի «տնօրինողի նույնականացման տվյալներն էլ թաքցված են ընթերցողից»:
Հարգելի լրատվամիջոցնե՛ր, հանգիստ հղում կատարեք ԱԺ դիմացի մայթին ու տարածեք սույն տեղեկությունը, որովհետեւ մայթը, մտքի գիգանտների ձեւակերպմանը ենթադատ չէ, եւ անանուն աղբյուր չէ։ Նույն կերպ՝ էլեկտրասյանը փակցված անանուն թռուցիկը եւ այլն։ Չթվարկեմ։ Հասկացաք։
Բայց եթե նույն «Գվիդոն + Զառնշան = Սեր» տեղեկությունը առաջինը հայտնվի ոչ թե ԱԺ դիմացի մայթին կամ էլեկտրասյանը փակցված թռուցիկին, այլ որեւէ ինտերնետային կայքում, կամ որեւէ մեկի օգտահաշվում, որի «տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից», ապա հանկարծ չփորձեք տարածել։ Իմքայլական մեդիահանճարները դա արգելել են։
Սեմուել Բեքեթն ու Էժեն Իոնեսկոն գերեզմանում շուռ եկան։
Հիմա բուն արգելմանն անդրադառնանք։ Սրանք փորձում են միջամտել խմբագրական քաղաքականությանը եւ արգելել, ուշադրություն՝ հղումը իրենց իսկ սահմանած անանուն աղբյուրներին։ Ահա այդ ձեւակերպումը.
«Արգելվում է հղում կատարել այն աղբյուրներին, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին կամ անանուն աղբյուրներին, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»:
Հասկացա՞ք, սիրելի լրագրողներ եւ լրատվամիջոցներ, բովանդակությունը կարեւոր չի, կարեւոր է՝ հղում չկատարելը։ Մտասեւեռված լինելով իրենց ամեն տեսակի քննադատություններից զերծ պահելու գաղափարի վրա, սրանք չեն մտածել (ուսանողներս կասեին՝ «ի՞նչ արեեեեեեել»…), որ ցանկացած լրատվական նյութի բովանդակությունը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական, ինչպես գովասանական, այնպես էլ՝ քննադատական, զրպարտչական եւ այլն։
Օրինակ, որեւէ կայք, որի «տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից», կարող է սիրուն ակնարկ հրապարակել հայկական տնտեսական հրաշքի մասին (եթե մի պահ ֆանտաստիկ ենթադրություն անենք, թե այս իշխանության ժամանակ էդպիսի բան հնարավոր է), վերլուծել այդ «հրաշքի» հեղինակների քայլերի արդիականությունն ու արդյունավետությունը։ Հանկարծ չփորձեք հրապարակել. մեդիահանճարները դա էլ են արգելել։ Ինքներդ ճշտեք, ինքներդ վերլուծեք, իյաաաաա, ձեռքներդ հո քարի տակ չի՞։
Կամ նույն կայքը անանուն պոետի բանաստեղծություն հրապարակած լինի Հայաստանի չքնաղ բնության մասին։ Ի՞նչ է, ինքներդ չե՞ք կարողանում ճշտել մեր բնության չքնաղությունն ու մի քանի հանգ կազմել… Հղումով անգամ չհրապարակեք։
Պիտի հիասթեփեցնեմ սույն աբսուրդի հեղինակներին եւ հուրախություն իրենց գործը բարեխիղճ կատարող լրատվամիջոցների ասեմ, որ եթե անգամ այս տգետ փոփոխություններն ընդունվեն, միեւնույն է՝ դա ոչ մի հետեւանք չի կարող ունենալ. դրանք արդեն իսկ մեռելածին են։ Ահա, թե ինչու։
Գրել են արգելվում է հղումը, բայց աjդպես էլ չեն ասել, թե էդ արգելքը խախտելը ինչի կհանգեցնի. սա մեկ։
Եվ երկրորդ, այդ արգելքը հանգիստ կարելի է շրջանցել՝ օգտվելով ՀՀ օրենսդրության ընձեռած հնարավորություններից։ Այս նախագծի հեղինակ մտքի գիգանտները չգիտեն, որ կարգավորումները միայն մի օրենքով չեն սահմանափակվում։
Հարգելի լրատվամիջոցներ, հանգիստ կարող եք հղում կատարել իրենց իսկ ձեւակերպմամբ անանուն աղբյուրին, հրապարակել անգամ իրենց կարծիքով զրպարտություն հանդիսացող տեղեկություն, ապա օգտվել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի այս ձեւակերպումից.
«…փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`… փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը եւ հիմնավորվածությունը…»։
Հրապարակեք, որ այսինչ կայքը կամ ալիքը տարածել է՝ «Գվիդոն + Զառնշան = Սեր» տեղեկությունը, դուք էլ Գվիդոնից ու Զառնշանից փորձել եք ճշտել, բայց չի հաջողվել։ Եվ վերջ. մտքի գիգանտներին երկու քայլանոց մատ կանեք։ Քաղաքացիական օրենսգիրքը ձեզ պաշտպանում է։
Իսկ եթե լուրջ՝ այո՛, խնդիր, իսկապես, կա։ Բայց այդ խնդիրն այսպես չեն լուծում։
Հրապարակավ հայտարարում եմ՝ ես գիտեմ, թե այդ խնդրի լուծումը որ իրավական ակտում փոփոխություններով կարելի է անել, որպեսզի լրատվամիջոցները ե’ւ գոհ լինեն, ե’ւ իրենց բովանդակության համար պատասխանատու։ Ավելին՝ ունեմ անգամ ձեւակերպած նախագիծ։
Սակայն պաշտոնապես հայտարարում եմ նաեւ. սույն խմբակին չեմ տա այդ նախագիծը կամ անգամ դրա գաղափարը։ Որովհետեւ անցած երկու տարում նրանք ցույց են տվել, որ ցանկություն չունեն կառուցողական զրույցի, որ ամենալավ գաղափարն անգամ ահա այսպես կարող են ապականել, ինչպես ապականում են այն ամենը, ինչին դիպչում են։
Եu երբ արտահերթ ընտրություններով նրանք կհայտնվեն իրենց իսկական տեղում՝ քաղաքականության լուսանցքում, իսկ Ազգային ժողովում կլինեն կառուցողական զրույցի պատրաստ պատգամավորներ, այդ ժամանակ կհանեմ արխիվից առաջարկս ու կգնամ հանգիստ մթնոլորտում քննարկելու այն։
Ես չանդրադարձա հեղինակների հիմնավորումներին, որովհետեւ այն ինչ իրենք ասել են կոնկրետ այս արգելքների մասին, նույն հաջողությամբ կարող են ասել ճաղատների մասին եւ դրանով հիմնավորել, որ ճաղատների խոսքի ազատությունը ազգային անվտանգության սպառնալիք է, հետեւաբար ճաղատներին հղում տալն արգելվում է։
Եվ վերջում. այս աբսուրդ օրինագծում կան ձեւակերպումներ, որոնց լեզվական անհեթեթությունը միտումնավոր չեմ մատնանշում։ Հո ինքս իմ թշնամին չե՞մ։ Հենց որ օրինագծի հեղինակները, անտեսելով բոլոր բողոքները, համապատասխան կենդանու համառությամբ ԱԺ-ում քննարկման դնեն եւ արդեն իբրեւ օրենք ընդունեն, կմատնանշեմ դա ու մի լավ կղժժամ նրանց անգրագիտության վրա։
Արդեն կանխավայելում եմ այդ երանելի պահը։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։