2019-ի հոկտեմբերին, երբ Գիորգի Գախարիան նշանակվեց Վրաստանի վարչապետ, առաջին այցը կատարեց Ադրբեջան, որտեղ էլ նշեց, որ Վրաստանն ու Ադրբեջանը չունեն մի հարց, որ եղբայրության ոգով չլուծվի: Հարեւան երկու պետությունների միջեւ գլխավոր խնդիրը սահմանազատման հարցն է, որի զգայնությունը կապված է վրաց եկեղեցու հինավուրց հուշարձաններից մեկի՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրի հետ։
Ինչի՞ց սկսվեց
Մոտ 30 տարի է, Վրաստանն ու Ադրբեջանը փորձում են լուծել սահմանների հստակեցման խնդիրը: Հարցը պարբերաբար քննարկվում է, սակայն, այս պահին երկու երկրների միջեւ հստակ բաժանարար գիծ գոյություն չունի, ավելին, մի շարք հատվածներում սահմանը որոշողը հին ցանկապատերն ու ծառերն են։
2007 թվականին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Իլհամ Ալիեւին ճանապարհելուց հետո հայտարարեց, որ երկու երկրների նախագահները սահմանի վերաբերյալ համաձայնության են եկել:
«Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում մեր աշխատանքային խմբերը կհանդիպեն: Սահմանային գիծը պետք է հատվի այնպես, որ երկրի ներսում Ադրբեջանին անհրաժեշտ ռազմավարական բարձունքը լինի Ադրբեջանի տարածքում, իսկ Դավիթ Գարեջիի վանական համալիրը մնա Վրաստանի տարածքում»։
Երրորդ նախագահի հայտարարությունն այսօր անվանում են «աբսուրդ»: Ինչո՞ւ, որովհետեւ բարձրունքը, մնալով Ադրբեջանի տարածքում՝ կիսում է Գարեջիի համալիրը։
Ո՞րն է խնդիրը
Վերջին տարիներին վրաց-ադրբեջանական պետական սահմանի չհստակեցված հատվածները լարվածություն են առաջացրել սահմանին գտնվող Դավիթ Գարեջի 6-րդ դարի վանական համալիրի շուրջ:
Վանական համալիրում բազմիցս միջադեպեր են գրանցվել վրացի եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ, բողոքի ակցիաներ են անցկացվել:
Դեռեւս 2012 թվականի մայիսից Վրաստանի իշխանությունները վրաց սահմանապահներին հրամայել էին զբոսաշրջիկներին Գարեջիի վանական համալիրի տարածք չթողնել: Այն ժամանակ դա արվել էր ադրբեջանցիների պահանջով եւ վրացական կողմը, մինչ աղմուկ կբարձրանար, հարեւանի պահանջը բավարարել էր:
Հոգեւորականների մուտքն ազատ էր, իսկ 2018-ից, երբ ադրբեջանցի սահմանապահները փակեցին նաեւ հոգեւորականների ճանապարհը, բարձրացվեց սահմանազատման թեման:
2019 թվականի ապրիլի վերջին Դավիթ Գարեջիի վանական համալիր այցելեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիլիշվիլին:
Այցի ժամանակ նախագահը նշեց վանական համալիրի վերանորոգման կարեւորությունը, իսկ ավելի ուշ ասաց, թե պիտի լուծվի նաեւ սահմանազատման հարցը:
Հինգ օր հետո ադրբեջանցի սահմանապահները նորից փակեցին վանքի ճանապարհը: Այս արգելքը հոգեւորականները կապեցին նախագահի այցի հետ, նախագահականում ասուլիս հրավիրվեց, իսկ իշխանության ներկայացուցիչները վստահեցրեցին. «եթե կա խնդիր, կլուծվի»: Վրաստանի արտգործնախարարն էլ խնդրեց «հաշվի առնել հարցի զգայունությունը եւ հատուկ զգուշությամբ վերաբերվել թեմային»:
Ընդդիմությունը եւս զերծ մնաց որեւէ հայտարարություն անելուց կամ գնահատական տալուց, միայն ասացին, որ հարցը պետք է կարգավորվի բանակցային ճանապարհով (նույն կարծիքին են մինչ օրս):
2019-ի մայիսից արդեն սկսվեցին ցույցեր Գարեջիի տարածքում: Ակցիայի մասնակիցները կենդանի շղթա էին կազմել՝ ցույց տալու համար, թե որն է իրական սահմանը: Ինչպես իշխող թիմը, այնպես էլ ընդդիմությունն ամեն կերպ փորձեցին զսպել ցույցերը՝ մեղադրելով ազգայնական խմբերին, որոշներն էլ՝ պատրիարքարանին ու հոգեւորականներին:
Թվում էր, իրավիճակը կայունացել է, հարցն էլ պետք է որ լուծում ստացած լիներ, բայց 2019-ի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի Վրաստան կատարած այցից հետո երկրում նորից ակտիվ քննարկման առարկա դարձավ վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի հարցը՝ հատկապես Դավիթ Գարեջիի համալիրի տարածքում:
Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարեց, որ ձեռք են բերվել քարտեզագրական նոր նյութեր, որոնք փոխանցվել են նաեւ ադրբեջանական կողմին: Վերջինս չէր բացառել, որ վրաց-ադրբեջանական սահմանի քարտեզագրական նոր նյութերը կփոխեն 2006-2007 թվականներին ձեռք բերված համաձայնությունը:
Սեպտեմբերի 30-ին Վրաստանի դատախազությունը հայտարարություն տարածեց, որի համաձայն հարուցվել էր քրեական գործ՝ Վրաստանի տարածքի մի մասն այլ երկրի տալու մեղադրանքով: Հետաքննությունը սկսվել էր 2020 թվականի օգոստոսի 17-ին՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր տեղեկատվության հիմքով:
Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են վրաց-ադրբեջանական սահմանի գործով պետական հանձնաժողովի նախկին անդամներ Իվերի Մելաշվիլին եւ Նատալիա Իլիչովան:
Դատախազության տեղեկատվության համաձայն՝ փորձաքննությունը պարզել է, որ մինչեւ 2007 թվականը ձեռք բերված սահմանազատման համաձայնությունը որոշ հատվածներում չի համապատասխանում մինչ այդ գոյություն ունեցող՝ 1937-1938 թվականներին կազմված քարտեզներին, ինչի արդյունքում Վրաստանը զրկվում է շուրջ 3500 հա տարածքից:
Վերջաբանից առաջ
Նախորդ շաբաթ դատարանը գրավի դիմաց ազատեց քարտեզագրման գործով ձերբակալված Իվերի Մելաշվիլիին եւ Նատալիա Իլիչովային, որոնց աջակիցների թիվը փոքր չէ։ Քրեական այս գործը, որն առերեւույթ վերաբերվում է սահմանազատման հանձնաժողովի անդամների հանցավոր անփութությանը, գնալով վերածվում է քաղաքական թեժ պայքարի։ «Վրացական երազանքը» մեղադրում է Ազգային միացյալ շարժմանը Վրաստանի հողերը ծախելու համար, մինչդեռ վրաց հասարակությունը սահմանազատման հարցում դրական միտում չի նկատում։ Ավելին՝ վերջերս ադրբեջանական մամուլը լուր տարածեց, որ Ադրբեջանը Դավիթ Գարեջի տանող ճանապարհ է կառուցում:
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։