Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն օրենսդրական նախագծերի ամփոփ փաթեթ է ուղարկել Ազգային ժողով ու Կառավարություն՝ առաջարկելով գրքերի բոլոր տեսակների վաճառքը եւ գրատպության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։
Ըստ նախագծի՝ ԱԱՀ-ից ազատման արտոնություններ չեն տարածվի ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքող, բռնություն կամ պատերազմ քարոզող, ինչպես նաեւ պոռնկագրական նյութերի վաճառքի նկատմամբ։
Ներկայիս կարգավորումներով ԱԱՀ-ից ազատման արտոնություններ սահմանված են դպրոցական գրքերի եւ նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական եւ դպրոցական գրականության, բայց ոչ՝ գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական կամ այլ բովանդակությամբ տպագիր կամ էլեկտրոնային գրքերի համար։
Առաջարկվող փոփոխությունը կարեւոր խթան կդառնա գրատպության ծավալների ընդլայնման եւ տպագիր կամ էլեկտրոնային գրքերի գների նվազեցման համար։ Նման փոփոխության համար հիմք է ծառայել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի միջազգային փորձի ուսումնասիրությունը: