Ըստ ռուսական «Դոժդ» հեռուստաընկերության՝ Իլոն Մասքի SpaceX ընկերությունը մինչեւ տարեվերջ ուղեծիր կարձակի «Falcon 9» հրթիռը, որի անձնակազմն ամբողջովին կազմված է լինելու քաղաքացիական անձանցից: Հրթիռը կարձակվի աստղագնացների՝ ուղեծիր կատարելիք առաքելության առաջին լիարժեք կոմերցիոն «Inspiration 4» ծրագրի շրջանակում:
Անձնակազմը բաղկացած կլինի չորս անձից, նրանց թվում է Shift4 Payments ընկերության հիմնադիր, 37-ամյա միլիարդատեր Ջարեդ Այզեքմանը: Ամերիկյան «Associated Press» գործակալությունը նշում է, որ միլիարդատերն արդեն գնել է թռիչքի տոմսը: Այզեքմանը վճարել է նաեւ անձնակազմի մյուս երեք անդամների՝ «սովորական մարդկանց» թռիչքի տոմսի արժեքը:
Թռիչքից առաջ անձնակազմը լիարժեք նախապատրաստական ուսուցում կանցնի: Հրթիռը կարձակվի Ֆլորիդա նահանգի Կանավերալի հրվանդանից: Ուղեծիր հասնելուց հետո նրանք մի քանի օր կմնան այնտեղ: Վայրէջքը նախատեսված է Ֆլորիդայի ափերին:
Ամերիկյան Space.com-ի տվյալներով՝ առաքելության մասնակիցներից մեկը Մեմֆիսի «St. Jude» մանկական հիվանդանոցի բժշկուհի է: Անձնակազմի երրորդ անդամին կընտրեն փետրվարին կայանալիք պատահական վիճակահանությամբ: Չորրորդ անդամը կդառանա Shift4 Payments ընկերության ծառայություններից օգտվող ընկերության սեփականատերերից մեկը:
Այզեքմանն արդեն իսկ 100 միլիոն դոլար է հանգանակել մանկական հիվանդանոցին: Նա մտադիր է առաքելության շնորհիվ եւս 200 միլիոն դոլարի հանգանակություն կազմակերպել բարեգործական նպատակներով:
Նախորդ տարվա մայիսին «SpaceX»–ը միջազգային տիեզերակայան է ուղարկել երկու աստղագնացների. դա մասնավոր ընկերության ձեռնարկած առաջին թռիչքն է: Մինչեւ այդ 2011-ին NASA-ն աստղագնացներին ուղեծիր հասցնելու համար օգտվել է «Ռոսկոսմոսի» ծառայություններից:
Նոյեմբերին NASA-ի պատվերով տեղի ունեցավ SpaceX-ի առաջին կանոնավոր առաքելությունը: